Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Վիեննայում տեղի ունեցած և իրանական միջուկային ծրագրին առնչվող բանակցությունների հերթական փուլին, ինչպես նաև Իրանի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականությանը։
Sputnik

Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` որքան էլ բանակցություններում կա դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, վերջնական լուծման հասնելու համար բանակցող կողմերը դեռ անցնելու ճանապարհ ունեն։ Ըստ նրա` Թրամփի կառավարության վերջնական նպատակն Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունն էր, որի համար միջոց պետք է հանդիսանային տնտեսական պատժամիջոցները, սակայն կյանքը ցույց տվեց, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներն ըստ էության չծառայեցին իրենց գերնպատակին։

Թուրքիայի մեծ խաղադրույքը, կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Իրանը լռեց

«Ակնհայտ է, որ Իրանում վարչակարգը չփոխվեց, ինչը ամերիկյան կողմին թույլ կտար ըստ իր ցանկության լուծել միջուկային խնդիրը, և երկրորդ` Իրանի դեմ կիրառվող գործիքակազմն արդեն սպառել է իրեն, այսինքն` տնտեսական պատժամիջոցներն արդյունք չեն տվել, դրանք ընդամենը որոշակի ներհասարակական հուզումներ են առաջացրել` պայմանավորված սոցիալ–տնտեսական իրավիճակի որոշ վատթարացմամբ։ Դրա արդյունքում Իրանում 2017-18 թվականներին տեղի ունեցան փողոցային ցույցեր, սակայն Իրանի կառավարությունը կարողացավ հաղթահարել նաև դա, որովհետև ունի քառասունամյա փորձառություն»,– նշեց իրանագետը։ 

ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին

Տոնոյանի կարծիքով` միջուկային ծրագրի շուրջ ընթացող լարված բանակցություններն ու տնտեսական պատժամիջոցներն Իրանին ամենևին չեն խանգարում վարել ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն, և հաշվի առնելով հատկապես արցախյան պատերազմից հետո առկա իրողություններն ու ստատուս–քվոյի խախտումը, ինչպես նաև թուրքական գործոնի ակտիվացումն Անդրկովկասում, Իրանն իր հերթին զարգացումների համատեքստում ձեռնարկում է քայլեր, որոնք միտված են իր դերի առավել ակտիվացմանն ու ազդեցության ընդլայնմանը կովկասյան տարածաշրջանում։

Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով