ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն ամբողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերի Ռեշետնիկովային։
«Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության մեր ավանդական գործընկերներից մեկը։ Ավելի վաղ երկու երկրների միջև կնքված պայմանագրերով բոլոր մատակարարումները կատարվում են ժամանակին և ամբողջ ծավալով», - տեղեկացրել է Ռեշետնիկովան:
Նշենք, որ քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել բանակի լայնածավալ բարեփոխմանը, և, հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում, իսկ փորձագետների մակարդակով արդեն անհրաժեշտ շփումներ են հաստատվել: