ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ այսօր ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը` Համեստ Երիցյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները։
Համեստ Երիցյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ավելի ուշ պարզա դարձավ, որ Մաշտոցի բաժին բերման ենթարկված 5 քաղաքացիներին ազատ են արձակել, նրանց թվում նաև` Համեստ Երիցյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 15 մարդ բերման է ենթարկվել, նրանց մեջ նաև արցախյան պատերազմի զոհերի հարազատներ կան։
Ինչպես արդեն հայտնել էինք, «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։
Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։ Նրանք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և այն պաշտպանող ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։