Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ

Բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Facebook–ի էջում հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով պաշտպանի արագ արձագանքման այցի արդյունքները։

Բերման է ենթարկվել զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը. կանայք շարժվեցին դեպի ոստիկանություն

Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակը մի շարք ահազանգեր է ստացվել բերման ենթարկված բողոքի ակցիայի մասնակիցների վերաբերյալ։ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցել են ստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:

«Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները տաև տեղեկացրել են, որ հավաքի ընթացքում ոստիկանների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ:

Ձվեր, կարմիր ներկ ու Փաշինյանի հրաժարականի պահանջ. կանանց բողոքի ակցիայի ամենավառ կադրերը

Օրինակ` բերման ենթարկված կանանցից մեկի խոսքով՝ իրեն բերման է ենթարկել ոստիկանության 4, իսկ մյուսի խոսքով` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդրի մասին բարձրաձայնել են նաև այլ բերման ենթարկվածներ:

Ազատությունից զրկված անձանց համար ՄԻՊ ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:

«Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրման հետ: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանի ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել բաժինների ղեկավար կազմից:

Նշվում է, որ ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ այսօր մի քանի տասնյակ կանայք, հիմնականում «ՎԵՏՕ» շարժման անդամներ, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ Կառավարության շենքի դիմաց հրմշտոց ու ծեծկռտուք տեղի ունեցավ կանանց և ոստիկանների միջև։

Բախման հետևանքով ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների։

Բողոքի ակցիայից բերման է ենթարկվել նաև ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը