Երջանիկ բալիկ լինի․ նախարար Անահիտ Ավանեսյանն օրվա խորհրդով շրջել է ծննդատանը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի երրորդ մակարդակի ծննդատանը տարեկան մոտ 2300 երեխայի ճիչ է լսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի առիթով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։ Նախարարը շրջել է բաժանմունքներում, տեսակցել ծննդկաններին, զրուցել նրանց հետ, շնորհավորել մայրանալու առթիվ և փոքրիկ նվերներ հանձնել։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի ծննդատունը համարվում է երրորդ մակարդակի ծննդատուն, որտեղ ընդունում են ցանկացած բարդության և ցանկացած ռիսկի հղիների՝ և նախածննդյան հսկողության, և ծննդօգնության համար։

Այստեղ ամսական 180-200 ծնունդ է գրանցվում, տարեկան կտրվածքով՝ 2200-2300 փոքրիկ այստեղ լույս աշխարհ գալիս։