Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից

Պաշտպանները դատարանին միջնորդել էին պարտավորեցնել դատախազությանը գրավոր ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից ու Սեյրան Օհանյանից` նրանց նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց

Այսպիսով` Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։

Նշենք, որ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից, մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` այս երկու հոդվածներից բացի, նաև 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

Քոչարյանի և մյուսների գործով նիստը դռնփակ է անցնում. Խաչատուրովն առողջական խնդիրներ ունի

Քոչարյանի ու Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու միջնորդությունը դատարանը մերժեց, մերժեց նաև Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը նվազեցնելու միջնորդությունը։

Հետաքրքրական է, որ դատարանը մերժեց նաև պաշտպանների միջնորդությունը, որով դատարանին առաջարկվում էր դատախազությանը պարտավորեցնել գրավոր ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից ու Սեյրան Օհանյանից` նրանց նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

Գեղեցիկ, երիտասարդ կին եք. Յուրի Խաչատուրովը դատավորին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ