Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել

Հիմնվելով առկա տնտեսական ցուցանիշների ու վիճակագրական տվյալների վրա` Էդվարդ Հովհաննիսյանը, այդուհանդերձ, փաստում է, որ տնտեսությունն իսկապես վերականգնվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահը չի շտապում հաստատել 2021թ.-ի տնտեսական աճի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարի լավատեսական կանխատեսումը։

«Ինչպես գիտեք` համավարակով պայմանավորված կանխատեսումները և սպասումները շատ անորոշ են, անկանխատեսելի։ Դրա համար պետք է սպասել և նոր միայն  գնահատականներ տալ։ Կլինի երկնիշ, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,– այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է

Այդուհանդերձ, հիմնվելով առկա տնտեսական ցուցանիշների ու վիճակագրական տվյալների վրա, Հովհաննիսյանը փաստեց` տնտեսությունն իսկապես վերականգնվում է։ Նրա խոսքով` այդ են վկայում, թե՛ շրջանառության ծավալները, թե՛ հավաքագրված հարկերը։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ իր նպատակն է 2021 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել։

Ս.թ. մարտին Քերոբյանը վերահաստատել էր իր այս կանխատեսումը` հիմնվելով արդեն պաշտոնական վիճակագրության վրա։

Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

«Եթե մենք պահենք աճի նույն տեմպը 2019-ի նկատմամբ, ապա 2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»,- ասել էր Քերոբյանը։

Բացի այդ էկոնոմիկայի նախարարն այս տարվա համար նաև տուրիզմի ոլորտի ավելի քան 300 տոկոսանոց աճ է կանխատեսել` 2020–ի նկատմամբ։