Թուրքիայի իշխանությունը հայտարարել է, որ լրջորեն մտածում է մի շարք միջազգային պայմանագրերից ու համաձայնագրերից դուրս գալու մասին։ Այս անգամ խոսքը Մոնտրոյի կոնվենցիայի մասին է, որը սահմանում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների կարգավիճակը: Էրդողանը կրկին շանտաժի է ենթարկում Արևմուտքին՝ հասկացնելով, որ կփլուզի տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգը, եթե չստանա այն, ինչի հույս ունի։ Դա կարող է կապված լինել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի ծրագրերի հետ։
Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հարյուր թուրք պաշտոնաթող ծովակալներ ստորագրել են բաց նամակի տակ, որում իրենց ծայրահեղ անհանգստությունն են հայտնել Մոնտրոյի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու հնարավորության կապակցությամբ: Նախկին բարձրաստիճան հրամանատարները կարծում են, որ Էրդողանի այդ ծրագրերը հետապնդում են այսօրեական շահեր։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում կոնվենցիայից դուրս գալը, ծովակալների համոզմամբ, հղի է Թուրքիայի բացարձակ ձախողմամբ, քանի որ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգից Անկարան կարող է «դուրս մնալ»: Հնչած գնահատականը, հավանաբար, չափազանց ցավոտ էր Էրդողանի համար։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը ասել է, որ բաց նամակում նկատելի են «զինվորականների դավադրության նշաններ՝ կառավարության տապալման նպատակով»:
Դրանից անմիջապես հետո Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ 14 ստորագրողների ձերբակալման հրամանագրեր են տրվել։ Նրանցից տասին անմիջապես ձերբակալել են, տներում` խուզարկություններ անցկացրել։ Ծովակալներից 4–ին չի հաջողվել գտնել։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Իրավապահները չեն շտապում բացատրել, թե միջազգային կոնվենցիայից դուրս գալու ծրագրերի մասին բացասական նամակն ինչպես կարող էր սպառնալ պետական անվտանգությանն ու սահմանադրական կարգին:
Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան
Էրդողանի ծրագրերից դժգոհ են ոչ միայն զինվորականները, այլև դիվանագետները։ Վերջերս Թուրքիայի Հանրապետության 126 նախկին դեսպաններ համատեղ ուղերձ են տարածել, որում երկրի իշխանությանը ներկայացրել են այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Մոնտրոյի կոնվենցիայից դուրս գալու դեպքում: Նախկին բարձրաստիճան դիվանագետները պնդում են, որ այդ համաձայնագիրը Սևծովյան տարածաշրջանում խաղաղության գրավականն է ու դրանից հրաժարվելով Անկարան կբացի «Պանդորայի տուփը»: «Մոնտրոյի կոնվենցիայի շուրջ քննարկումները կհանգեցնեն նրան, որ Թուրքիան կկորցնի իր ձեռքբերումները։ Դա անվտանգության խնդիրներ կծնի և հարցականի տակ կդնի պետության գոյությունը», - նշված է դեսպանների ստորագրած նամակում։
Բայց վերադառնանք բուն կոնվենցիային։ Մինչև դրա ստորագրումը նեղուցներով նավագնացությունը կարգավորվում էր Թուրքիայի համար շատ ավելի ոչ ձեռնտու նորմերով։ 1923-ին Անկարան ստիպված էր ստանձնել Բոսֆորի ու Դարդանելի երկայնքով ամբողջ տարածքի ապառազմականացման պարտավորությունը։ Իսկ բուն նեղուցների նկատմամբ վերահսկողությունը Անկարան զիջեց միջազգային հանձնաժողովին, որի վրա չէր կարող ոչ մի կերպ ազդել։ 13 տարի անց՝ 1936 թվականի հուլիսի 21-ին, Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում ստորագրվեց կոնվենցիա, որը սահմանեց նավագնացության կանոնները, որոնք գործում են առ այսօր։
Այս փաստաթղթի շնորհիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին հաջողվեց հասնել միջազգային հանձնաժողովի վերացմանն ու նեղուցների նկատմամբ փաստացի վերահսկողության վերադարձին (և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակներում): Թուրքիայի համար դա մեծ ձեռքբերում էր։ Բայց ահա Էրդողանը համարում է, որ կոնվենցիան իր երկրին չի բավարարում, քանի որ գործող կանոնները սահմանափակում են երկրի ինքնիշխանությունն ու թույլ չեն տալիս գումար վաստակել տարանցման շնորհիվ։
Խախուտ խաղաղություն, կամ ով ինչ շահ է հետապնդում տարածաշրջանային հարթակ ունենալու հարցում
Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Մոնտրոյի կոնվենցիան կարգավորում է Բոսֆորի ու Դարդանելի օգտագործման նորմերը՝ Թուրքիային զրկելով այս կամ այն պետության նավերի համար առանց պատճառի մուտքն արգելելու իրավունքից։ Փաստաթուղթը պաշտպանում է առաջին հերթին Սևծովյան երկրների շահերը։ Սևծովյան պետություններից յուրաքանչյուրը խաղաղ ժամանակ կարող է նեղուցներով անցկացնել ցանկացած դասի իր ռազմանավերը։ Առանց սահմանափակման: Անկարան չի կարող սահմանափակել այդ իրավունքը։ Այլ երկրների ռազմանավերի համար գործում են դասի ու քաշի հետ կապված սահմանափակումներ։ Դրանք չեն կարող Սև ծովում 21 օրից երկար մնալ։
Թուրքիան բազմիցս աչք է փակել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ռազմածովային ուժերի նավերի կողմից այդ պահանջի խախտման վրա։ Սակայն առավել աղաղակող դեպքերի համար հարկ էր պատասխան տալ, քանի որ կոնվենցիայով նախատեսված միջազգային վերահսկողության նորմերը դեռ գործում են։ Էրդողանի խնդիրն է ազատվել միջազգային վերահսկողությունից ու ինքնուրույն որոշել նավագնացության կանոնները։
Թուրքիան, իհարկե, չէր կարող միանգամից հրաժարվել Մոնտրոյի կոնվենցիայից բխող պարտավորություններից։ Հետևաբար այն շրջանցելու ուղիներ է փնտրում։ Սկզբի համար Էրդողանը սկսեց կիրառել սահմանափակումներ, որոնք ֆորմալ առումով չէին հակասում փաստաթղթի պահանջներին։ 2002-ին խստացվել էր նավթատար տանկերների նեղուցներով անցնելու կարգը։ Թուրքիան իր գործողությունները բացատրում էր տարածքային ջրերի էկոլոգիական անվտանգության մասին հոգ տանելով։ Անկարան իրականում ուղղակի ճնշում էր գործադրում նավթափոխադրողների վրա՝ նպատակ ունենալով հասնել այն ժամանակ կառուցվող Բաքու-Ջեյհան նավթամուղի շահութաբերությանը:
Ավելի ուշ Էրդողանի խորհրդականները Մոնտրոյի կոնվենցիային վերջ տալու արմատական միջոց գտան։ Նախաձեռնվել էր շրջանցիկ ջրանցքի կառուցման լայնածավալ նախագիծ, որը կոչված էր փոխարինելու Բոսֆորի ու Դարդանելի ջրանցքները։ Հորինված լեգենդ սա էր՝ իբր նեղուցները չափազանց նեղ են ու նավագնացությունն անվտանգ չէ: Այդ պատճառով կառուցվելու է ավելի լայն ջրանցք, որի օգտագործումը կկարգավորվի նորմերով, որոնք կապված չեն Մոնտրոյի կոնվենցիայից բխող պարտավորություններից։
Պատճառաբանությունը համոզիչ չի թվում։ Նախ, անհասկանալի է, թե Թուրքիայում ինչու են որոշել «խաչ քաշել» Բոսֆորի ու Դարդանելի վրա, որոնք առանց խնդիրների կատարում են Միջերկրական և Սև ծովերի միջև կապող օղակի դերը։ 1936-ից հետո Բոսֆորը ո՛չ լայնացել է, ո՛չ էլ նեղացել։ Համաձայնեք, նույնիսկ անփորձ նավապետը պետք է լավ ջանք գործադրի, որ «վրիպի» ու չկարողանա քառասուն մետրանոց (լայնությամբ) տանկերով մտնել 800-մետրանոց (800 մետրը դրա ամենանեղ մասն է) նեղուց։ Երկրորդը՝ ինչու Էրդողանը որոշեց, որ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չպետք է տարածվեն նոր ջրանցքով նավագնացության վրա։
Չէ որ ջրանքցը կատարելու է նույն գործառույթը, որն այժմ կատարում են նեղուցները։ Ջրանցքի կառուցման համար Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել։ Այդ գումարը պատրաստվում են վերադարձնել ջրանցքով նավերի անցման համար հսկայական մաքսատուրքեր սահմանելով։
Ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքները, կամ ինչպես են սեպ խրում հայերի ու ռուսների միջև
Թեև այս նախագիծը ոչ այնքան կոմերցիոն է, որքան աշխարհաքաղաքական։ Դրա գործարկումը թույլ կտա Էրդողանին ունենալ հարմար լծակ, որը կարող է ազդել Մերձսևծովյան տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Թուրքիայի առաջնորդը կկարողանա այդ լծակը տեղափոխել այս կամ այն կողմ՝ կախված նրանից, թե ով իրեն ինչ կխոստանա։ Մոնտրոյի կոնվենցիայից բխող սահմանափակումների բացակայության դեպքում Թուրքիան կարող է նպաստել ԱՄՆ-ի՝ Սև ծովի ջրատարածքի ռազմականացման ծրագրերին, կամ հակառակը՝ արգելել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական նավերին ջրանցք մուտք գործել։ Էրդողանի ձեռքերն ազատ կլինեն։
Այն, որ Էրդողանի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ սրվեց հենց ապրիլի 24-ի նախօրեին, կարծում եմ, բնավ էլ պատահական չէ։ Անկարայում Մոնտրոյի կոնվենցիայից դուրս գալու և ջրանցք կառուցելու մտադրության մասին կրկին բարձրաձայն խոսեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը վճռականորեն կատարելու է իր նախընտրական խոստումը և վերջապես ճանաչելու է երիտթուրքական ռեժիմի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։
Նեղուցների շուրջ համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունը հերթական ահազանգն է, որը կոչված է համոզել վաշինգտոնյան վարչակազմին, որ Անկարան կարող է հուսալի ու շահավետ գործընկեր լինել: Էրդողանը Բայդենին ակնարկում է, որ Ցեղասպանության ճանաչումը կարող է շատ թանկ նստել նրա վրա։
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան կրկին շահարկում է իր աշխարհագրական դիրքը։ Պե՞տք է արդյոք միջազգային հանրությունը հանդուրժի դա։ Հիշում եմ, երբ 60-ականների սկզբին Գամալ Աբդել Նասերը հայտարարեց Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսրայելը Եգիպտոսին պատերազմ հայտարարեցին։