Ապօրինի զենք–զինամթերք է հայտնաբերվել Կոտայքում, Գորիսում և Մարտունիում. տեսանյութ

Ոստիկանությունից կրկին հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Sputnik

Ապօրինի զենք զինամթերք է հայտնաբերվել մի շարք շրջաններում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից։

«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժնի ծառայողները։

Արցախից Հայաստան զենք-զինամթերք տեղափոխելու 95 քրեական գործերով դատապարտվել է 5 մարդ

Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտով։

Ապրիլի 2-ին ոստիկանության Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Խնձորեսկ գյուղի սկզբնամասում պարկով զենք-զինամթերք է թողել։ Նրա նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։

Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունից կրկին հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։