Արամ Օրբելյանը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը նախատեսում է, թե որ դեպքերում պետք է անձի նկատմամբ հարուցված քրեական գործն անմիջապես կարճվի, և եթե 300.1 հոդվածը ՍԴ–ի կողմից ճանաչվում է անվավեր, հետևաբար, չի կարող այդ հոդվածով լինել մեղադրանքի գործ կամ դրա հետ կապված որևէ գործընթաց։
«Դատարանն այդ փաստի մասին տեղեկանալուց հետո անմիջապես, առանց որևէ հատուկ գործընթացի պետք է ընդուներ որոշում` պահպանելով Սահմանադրության գերակայությունը, և մեղադրանքն այդ մասով վերացներ։ Երբ ապրիլի 2-ին կայացավ հերթական դատական նիստը, դատարանն արդեն տեղեկացված էր ՍԴ որոշման մասին, որը նախօրեին ուղարկվել էր դատարան։ Շատ կարևոր է, որպեսզի Քրեական դատավարության օրենսգիրքը ճիշտ ընթերցվի, որովհտեև տվյալ դեպքում այլ որոշում, քան դադարեցնել քրեական հետապնդումը, օրենսդրությունը չի նախատեսում»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչը։
Դատախազը պահանջում է վերաորակավորել Քոչարյանին ու Գևորգյանին առաջադրված մեղադրանքները
Օրբելյանի խոսքով` դեռ նախաքննության փուլից իրենք ասում էին, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է, քանզի չի համապատասխանում որոշակիության, հետադարձ ուժ չկիրառելու և մի շարք այլ նորմերին, բայց քանի որ, ըստ Օրբելյանի, «մի քանի մարդիկ ցանկություն ունեին պարոն Քոչարյանին ամեն գնով պահել կալանքի տակ և ցանկացած գնով շարունակել դատավարությունը», բերել էին 850 վկայի ցուցակ, որպեսզի բոլորին լսեին և գործի քննությունը տևեր 5-6 տարի, իսկ դրանից հետո կդատապարտեին, թե ոչ, էական չէ, քանի որ անձն այդկերպ տևական ժամանակ կգտնվեր անազատության մեջ։
Փաստաբանի կարծիքով` թեև կա Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, բայց կրկին փորձում են ձգձգել դատաքննությունը։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան