ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 4-ին, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Սուրբ Հարության տոնի պատարագ մատուցեց Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում:
Առաջնորդական պատգամը մեկն էր՝ հարության շրջանն ապրել Քրիստոսի հետ ու ավետարանական պատգամն ու Քրիստոսի սերը տուն տանել այնպես, ինչպես ճրագալույցի լույսը:
«Միշտ մասնակցում եմ ինչպես երեկոյան ճրագալույցի, այնպես էլ առավոտյան Հարության պատարագին: Իսկ մինչ այդ, քառասնորդացի շրջանում, հնարավորինս աղոթքներով, ավետարանով ու մաքուր հոգով եմ անցկացնում ու տոնը մեծ հավատով եմ դիմավորում»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում ասաց Վերգինե Սակլարյանը։
Նա նշեց` հավատն իր մեջ օրօրոցից է՝ Հունաստանից եկած հոր ու պոլսահայ մոր տված հոգևոր արժեքներով, հիմա էլ իր զավակներն ու թոռներն են իրեն հետևում ու տոնը քրիստոնեավայել դիմավորում:
«Մեր ընտանիքում միշտ ընդունված է, որ Հարության տոնը պետք է միշտ ուրախություն լինի ու բաց սրտով դիմավորվի: Արդեն 62 տարի այդկերպ է՝ ամեն անգամ այս տոնին վայրկյան –վայրկյան, սրտի թրթիռով ու մեծ հավատով սպասել եմ» ,-ասում է տիկին Վերգինեն:
Հիշեցնենք, որ «Սրբոց նահատակացը» Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։