Ֆուտբոլային հաղթանակ, հրաժեշտ լեգենդար Կոմանդոսին ու Սուրբ Զատիկ. շաբաթը` լուսանկարներում

Sputnik

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձություններն իհարկե երկուսն էին, մեկը` շատ ուրախ, մյուսը` անչափ տխուր, սակայն եղան նաև այլ թեմաներ, որոնք դուրս չմնացին մեր ուշադրությունից։

Հայաստանը հրաժեշտ տվեց Շուշին ազատագրած լեգենդար Կոմանդոսին. լուսանկարներ

Շաբաթը սկսվեց պատմական իրադարձությամբ։ Մարտի 31-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին` երեք տուրից հետո 9 միավորով դառնալով միանձնյա առաջատար։

Մինչ ողջ հայությունն ուրախանում էր տղաների հաղթանակով, Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանի մահվան բոթը ցնցեց բոլորին։

Նույն օրը` մարտի 31–ին, կյանքի 82–րդ տարում մահացավ Շուշին ազատագրողը։ Ապրիլի 2–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արկադի Տեր–Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը։ Ապրիլի 3–ին հարազատները, զինակից ընկերներն ու պարզապես Կոմանդոսին շատ սիրող մարդիկ նրան վերջին հրաժեշտը տվեցի Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում։

Իր պատգամի համաձայն` լեգենդար Կոմանդոսին հուղարկավորեցին Երևանի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանատանը։

Ուշագրավ կադրեր՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպումից

Լեգենդար հերոսի հուղարկավորությանը հաջորդեց Երևանում կանթեղներով երթը` «Հարության ավետիս» խորագրով։ Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ պատարագից հետո սուրբ հարության ավետիսը մարդկանց փոխանցելով՝ քայլերթ անցկացրին։ Նրանք Հանրապետության հրապարակի կենտրոնի քարե գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի հարության:

Հայաստան - Ռումինիա հանդիպման ամենավառ կադրերը

Ապրիլի 4-ին Սուրբ Հարության տոնն է` Զատիկը: Մարդիկ, իհարկե, կփորձեն ավելի մաքուր, ավելի հավատով ապրել, բայց արցախյան 44–օրյա պատերազմում զորհվածների երեխաներին դեռ երկար ենք հավատ պարտք մնալու։

Օրինակ` Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում վարձակալությամբ ապրող Առաքելյանների ընտանիքից հայր ու որդի Արթուր և Կամո Առաքելյանները Քարինտակի ինքնապաշտպանական մարտերին են մասնակցել ու զոհվել։ Երիտասարդ կինը 3 անչափահաս երեխաների հետ մնացել է անորոշ իրավիճակում։

Բայց, ինչպես ասում են, ոչ մի ծառ հանուն վշտի չի դադարում ծաղկելուց։ Իսկ մեր երկրին այնքան շատ են պետք նոր ծառերն ու նոր ընտանիքները։

Հենց այդ հույսով ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը «Հիշողության այգում» ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ նոր ծառ են տնկում։

Այս ու այլ իրադարձությունները՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Զուգահեռ իրականություն` Եռաբլուրը, վիրավոր տղաներն ու քաղաքական «գզվռտոցը». վառ կադրեր

1 / 13
Հայաստանի հավաքականի ֆուտբոլասերները ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման ժամանակ. 31 մարտի, 2021թ., Երևան
2 / 13
Հանդիպման մրցավարները նախավարժանքի ժամանակ Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մեկնարկից առաջ. 31 մարտի, 2021թ., Երևան
3 / 13
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը. 31 մարտի, 2021թ., Երևան
4 / 13
Ճրագներով երթը Ճրագալույցի սուրբ պատարագից հետո. ապրիլի 3, 2021թ., Երևան
5 / 13
Ճրագներով երթը Ճրագալույցի սուրբ պատարագից հետո. ապրիլի 3, 2021թ., Երևան
6 / 13
Զոհված զինծառայող Կամո Առաքելյանի կինն ու դուստրը՝ Մանանան ու Մոնիկան
7 / 13
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծառ է տնկում Հաղթանակի զբոսայգում «Հիշողության այգի» ակցիայի ժամանակ. ապրիլի 3, 2021թ., Երևան
8 / 13
Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ռումինիայի հավաքականի դարպասապահ Ֆլորին Նիցեի հույզերը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խփած գոլից հետո. ապրիլի 3, 2021թ., Երևան
9 / 13
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տոնում է իր առաջին գոլը Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում. ապրիլի 3, 2021թ., Երևան
10 / 13
Ֆուտբոլասերները Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ. ապրիլի 3, 2021թ., Երևան
11 / 13
Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը Սուրբ Հովհաննես եկեղեցում. ապրիլի 3, 2021թ., Երևան
12 / 13
Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը. 2 ապրիլի, 2021թ., Երևան
13 / 13
Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը. 2 ապրիլի, 2021թ., Երևան