ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր Հաղթանակի զբոսայգում` «Հիշատակի այգում», 100 կեչու և արոսի ծառ է տնկվել` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների։ Նշենք, որ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային է միացել Ղրղզստանը, որն էստաֆետը փոխանցել է Հայաստանին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ակցիան խորհրդանշական բնույթ ունի` 27 միլիոն ծառ տնկել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու հիշատակին:
«Մենք պետք է հիշենք ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև յուրաքանչյուրին, ով իր կյանքն է զոհել, որպեսզի մենք այսօր ապրենք։ Նրանք զոհվել են հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաներն ավելի լավ կյանքի հույս ունենան»,–ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այժմ ավելի ու ավելի համառորեն են փորձում պատմությունը վերաշարադրել, հիտլերյան ֆաշիզմի ողնաշարը կոտրած խորհրդային ժողովրդի սխրանքը մոռացության մատնել:
Կոպիրկինը կարևորել է նաև, որ ակցիան այժմ տեղի է ունենում Հայաստանում, որը շատ բարդ ժամանակներ է ապրում։
«Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը հայ ազգին ուժ տա հաղթահարելու այն փորձությունները, որոնց այժմ բախվում են։ Մենք ձեր կողքին ենք և կաջակցենք ձեզ»,–ասաց դեսպանը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ՀԿ–ների ներկայացուցիչներ: Երևանից հետո ծառատունկ կիրականացվի նաև այլ վայրերում։
Ակցիան մեկնարկել է մեկ տարի առաջ։ Ակցիայի կյանքի կոչմանն աջակցել են նաև դպրոցները. աշակերտներն իրենց տան տարածքում տնկել է մեկ ծառ և լուսանկարել այն ու #СадПамятиДома հեշթեգով տեղադրել ակցիայի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։