Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրը նշվում է ապրիլի 2-ին։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների կենտրոն։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շենքում դաշնամուրի ձայներ են լսվում։ Հենց մուտքի մոտ պատին ծառ է պատկերված, որի վրա գրված են բարեգործների անունները։ Նախասրահում ցուցադրված են կենտրոնի սաների աշխատանքները՝ նկարներ, թևնոցներ, էկո-օճառ, մոմեր, խաղալիքներ, կավե բաժակներ, ծաղկամաններ և էլի տարբեր հետաքրքիր իրեր։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Մեզ դիմավորում է Աննա անունով աղջիկը և առաջարկում ոչ մեծ էքսկուրսիա անցկացնել կենտրոնում։ Ծրագրերի համակարգող Նելլի Հունանյանն իր հերթին սիրալիր համաձայնում է ուղեկցել մեզ և մանրամասն պատմում է, թե ինչով են զբաղվում սաները այս կամ այն սենյակում։ Նա լավ ծանոթ է երեխաների առանձնահատկություններին և ամեն մեկին յուրովի է սիրում։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Բոլոր սաները տարբեր են, և յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է պետք։ Յուրաքանչյուրն իր հետաքրքիր ներաշխարհն ունի։ Այս կենտրոնի սաներն առանձնանում են բարձր զգայունությամբ, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բոլորը փորձում են առավելագույն հարմարավետություն ստեղծել և ընտանեկան միջավայր ձևավորել։

«Մեր երեխաների համար կարևոր է շփումն ու անվտանգության զգացումը»,-ասում է Նելլին։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Նա չի հասցնում խոսքն ավարտել, երբ խեցեգործության սենյակ է մտնում սաներից մեկը։ Ռաֆայել Մարտիրոսյանն է։ Հենց նրա մայրիկի և կենտրոնի ևս երկու սաների մայրերի նախաձեռնությամբ, նրանց ընդհանուր ջանքերով է ժամանակին ստեղծվել կենտրոնը։

Տղան մոտենում է մեր օպերատորին և գրկում նրան։

«Մենք հյուրեր ունենք։ Ես կնվագեմ հյուրերի համար»,-ուրախ-ուրախ ասում է տղան։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Մենք նայում ենք միմյանց ու հասկանում, որ շփման եզրերը գտնված են։ Ռաֆայելը հեռանում է, իսկ մենք հետևում ենք, թե ինչպես է մեկ ուրիշ տղա ծաղկաման պատրաստում։ Դա օգնում է բարձրացնել երեխաների ձեռքերի զգայունությունը, և նրանց շատ է դուր գալիս ժամանակ անցկացնել այդ սենյակում։ Նրանք նաև շատ են սիրում թևնոցներ պատրաստել ոչ թանկարժեք բնական քարերից։

Դաստիարակչուհիները հավատացնում են, որ մանր հուլունքները թելին շարելը, մատներով մանր աշխատանք կատարելն օգնում է զարգացնել ձեռքերի շարժողականությունը։ 14-ամյա Դավիթին հարցնում ենք՝ արդյո՞ք նրան դուր են գալիս ընկերների պատրաստած թևնոցները, և տղան սկսում է բարձր ծիծաղել։ Նելլին ժպտում է և արձանագրում․ «Կա՛ շփումը»։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Երկու հարևան դասարաններում երեխաները թղթե իրեր, բացիկներ են պատրաստում։ Օգտագործում են իրենց ձեռքով հավաքած ծաղիկներն ու բույսերը, ժապավենների կտորներ։ Կենտրոնի աշխատակցուհիներն օգնում են նրանց և փորձում այնպես անել, որ հաճելի լինի յուրաքանչյուրին. երեխայի նախընտրած ծաղիկը կամ թղթի գույնն են ընտրում։ Վահանն ու Ալեքսանդրը այդ առումով քմահաճ չեն։ Նրանց պատրաստած բացիկները վաճառելու են ցուցահանդեսի ժամանակ։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Նելլին մեզ ուղեկցում է հաջորդ սենյակ։ Այստեղ մոմեր են պատրաստում։ Ռաֆայելն արագ մոտենում է նրան և բռնում ձեռքերը. փորձում է տաքացնել։ Նելլին ժպտում է և շնորհակալություն հայտնում։ Իսկ տղան շրջվում է դեպի օպերատորը և սկսում շփվել նրա հետ։

-Ինձ հեռուստացույցո՞վ են ցույց տալու։

-Չէ, համացանցում։

-Լավ։ Ես Նառայի համար մոմ եմ սարքել։

«Կա՛ շփում»,-ասում եմ քթիս տակ։ Եվ մենք հերթով ևս մի քանի դասարան ենք մտնում, որտեղ կենտրոնի սաները նկարում են, գործում, էկո-օճառ են պատրաստում, կարում, շարֆեր նկարազարդում և այլն։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Մի քանի վառ և բավականին տպավորիչ նկար ենք նկատում․ Էդվին Հովսեփյանի աշխատանքներն են։ Մեր այցելության պահին տղան կենտրոնում չէր, բայց ապրիլի 6-ին տեղի է ունենալու նրա աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ Բազմաթիվ հայտնի մարդիկ են հրավիրված։ Կենտրոնի աշխատակիցները պատրաստվում են երեկոյին, և նրանցից ամեն մեկն իր հերթին հրավիրում է մեզ։

Նորից երաժշտություն ենք լսում և մտնում ենք հանդիսությունների սրահ։ Ռաֆայելը հատուկ մեզ համար սկսում է նվագել The Beatles խմբի Yesterday երգը և հասկանում ենք, որ շփումն իրոք ստացվել է։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Հայաստանում գրանցված է աուտիզմ ունեցող 310 երեխա։ Այդ երեխաները հաշմանդամության կարգ են ստացել։ Սակայն առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով` օգնության համար բժշկական հաստատություններ դիմող աուտիզմ ունեցող երեխաների թիվը գերազանցում է 560-ը։

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

Պտույտների համար խենթացող ու Բախի արիայից հուզվող «ինժեներ» Ռաֆոն. աուտիզմի ուրիշ աշխարհը