ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա. Արտակ Դավթյան

Դավթյանը նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած զինվորականների հետ ևս ինքը որևէ խնդիր չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, ԳՇ-ն բնականոն աշխատում է: Այսօր Եռաբլուրում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Դատարանի որոշումը դա իրավաբանների գործն է, որոնք յուրաքանչյուր տեսակետից կատարում են մեկնաբանություն»,- ասաց Դավթյանը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցով Վարչական դատարանի կայացրած որոշման մասին լրագրողի հարցին:

Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, այս պատերազմն այլ ելք կունենար. ԳՇ պետ

Դավթյանը նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած զինվորականների հետ ևս ինքը որևէ խնդիր չունի, և նրանք ևս շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները:

Իսկ Օնիկ Գասպարյանի ու նրան միացած տասնյակ բարձրաստիճան զինվորականների հայտարարությունը ԳՇ պետը հրաժարվեց մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մենք ունենք մեկ ԳՇ պետ. պաշտպանության նախարար

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: