ՌԱԴԻՈ

«Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառումը մեր նպատակի վերջնակետը չէ». Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառման հավանականությանը։
Sputnik
«Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառումը մեր նպատակի վերջնակետը չէ». Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը կնշանակի, որ ևս մեկ գերտերություն 1915 թվականի դեպքերը գնահատում է իսկական իրավական անվանմամբ, և եթե դա նույնիսկ չունի իրավական հետևանք, այդուհանդերձ կարող է ունենալ քաղաքական նշանակություն, որովհետև ի վերջո ԱՄՆ–ի Սենատի ու Ներկայացուցիչների պալատից հետո այդ երկրի նախագահն իր հերթին նույնպես կարող է տալ գնահատական։

«Մեր սպասելիքներն ու ակնկալիքներն ամեն դեպքում պետք է լինեն չափավոր, որովհետև ԱՄՆ–ի նախագահի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառումը ոչ թե մեր նպատակի վերջնակետն է, այլ մեր քաղաքականության հանգրվաններից մեկը։ Եթե այդ հայտարարությունը լինի, մենք պետք է փորձենք այն մաքսիմալ ճիշտ օգտագործել մեր քաղաքականության մեջ, օրինակ` ամերիկյան բուհական, կրթական համակարգում ամրագրել «Հայոց ցեղասպանության» առարկայի դասավանդումը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` դրանով մենք կարող ենք որոշակի գործիք, զենք ստանալ հաջորդ քայլերն անելու համար, սակայն մեր ոգևորությունն ու մոտեցումներն այդ հարցում պետք է լինեն ավելի իրատեսական դաշտում և ավելի քիչ էմոցիոնալ դաշտում, քանի որ զգացմունքները որոշ ժամանակ հետո կանցնեն, մինչդեռ մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը հաջորդող քայլերը կատարելիս։

Ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ստամբուլահայերին առաջ է մղում. ո՞րն է նպատակը

«Չմոռանանք, որ մեկ այլ գերտերություն` մեր դաշնակից Ռուսաստանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է շատ ավելի վաղ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենատարբեր առիթներով «ցեղասպանություն» տերմինը կիրառում է, հետևաբար ԱՄՆ–ի նախագահը կարող է հետևել իր գործընկերոջ օրինակին»,– ասաց թուրքագետը։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մելքոնյանի համոզմամբ` կշռադատված քայլերը կարվեն նորմալ իշխանության, նորմալ պետականության պարագայում, մինչդեռ գործող իշխանության պարագայում մենք նույնիսկ ամենատարրական քայլերը չենք կարող ակնկալել` հաշվի առնելով հմտությունների, գիտելիքների և մոտեցումների առանձնահատկությունը։ Ըստ թուրքագետի` Հայաստանի ներկա պահվածքը ոչ միայն չեզոք չէ, այլև գործող իշխանությունը որոշակի առումով, ուղղակի կամ անուղղակի տարված է հակահայկական քարոզչությամբ։

Հայաստանը դիվանագիտական սխալի սահմանին․ ի՞նչը կխանգարի Բայդենին ճանաչել ցեղասպանությունը