ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակիցների ընտանիքի ուսանող անդամների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից արդեն իսկ փոխանցվել է 205 մլն դրամ, որով վճարվել է 1373 ուսանողի վարձ: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` առաջարկելով այդ գումարն ավելացնել ևս 590 մլն դրամով:
Դումանյանի խոսքով` այդ գումարով կփոխհատուցվի ևս 2840 ուսանողի ուսման վարձ, ըստ որում՝ ոչ միայն բուհերի, այլև քոլեջների սովորողների:
Հիշեցնենք՝ որոշումն ընդունվել էր 2020թ.-ի պատերազմի ընթացքում: Դրանով նախատեսվում է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Պոտենցիալ շահառուների թիվը հաշվարկված է 7000:
ԿԳՄՍ նախարարի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր շահառուների ուսման 1 կիսամյակի վարձը կփոխհատուցվի: Բանն այն է, որ շահառուների թվում կան դեռևս զինվորական ծառայության մեջ գտնվող տարկետում ստացած ուսանողներ, ովքեր զորացրվելուց ու ուսումնական հաստատությունում վերականգնվելուց հետո ևս կկարողանան օգտվել իրենց հասանելիք աջակցությունից:
«18-21 տարեկան ուսանողուհիներս տեսան ԱԱԾ-ի էդ ապուշ ռելիզը». Սաղաթելյանն էլ չի դասախոսի