ՀՀ կառավարությունը պատրաստվում է վերանայել բյուջեն. եկամուտներն աճել են 20 մլրդ դրամով

Վիճակագրությունը ներկայացնող Փաշինյանն ու կառավարության անդամները 2020-ի լոկդաունի փաստը որևէ կերպ չհիշատակեցին իրենց վերլուծություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով:

Հայաստանում տնտեսական աճ կլինի՝ անկախ նավթի գներից․ ԵԱԶԲ–ի կանխատեսումը

«Առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակի ու մարտի տվյալներով իրական աճ է արձանագրել»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ մանրամասնեց , որ 2021 թ-ի մարտին կատարված առևտրային գործարքները՝ ՀԴՄ կտրոններով ու հարկային փաստաթղթերով, 8 մլն 647 հազարով կամ 122 մլրդ դրամով շատ են 2020-ի մարտի համեմատ: Իսկ եռամսյակի կտրվածքով 2021-ի ցուցանիշը 2020-ից շատ է 116,8 մլրդ դրամով:

Այս ցուցանիշները կառավարությանը թույլ են տալիս կանխատեսել, որ տարվա կտրվածքով հարկային եկամուտները 40 մլրդ դրամով կգերազանցեն նախատեսված ծավալը, ինչը թույլ կտա նաև վերանայել 2021 թ-ի բյուջեն:

Ամփոփելով ներկայացված վիճակագրությունը՝ վարչապետը նշեց, որ դա լավ ցուցանիշ է հետպատերազմական վիճակի համար, և շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր հարկատուներին:

Մեր տարածաշրջանը, անկախ պատերազմից, ներդրողների համար միջինից բարձր ռիսկային գոտի է

Հիշեցնենք, որ 2020թ-ի մարտից Հայաստանում հայտարարվեց կորոնավիրուսի համավարակ, ու ամսվա երկրորդ կեսից փակվեցին ծառայությունների մատուցման ոլորտի բոլոր կազմակերպությունները:

Վիճակագրությունը ներկայացնող Փաշինյանն ու կառավարության անդամները, սակայն, այս փաստը որևէ կերպ չհիշատակեցին իրենց վերլուծություններում։