Հայտնի է` երբ և որտեղ տեղի կունենա Կոմանդոսի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը բարդություններ է ունեցել կորոնավիրուսային վարակի հետևանքով։ Նրա թոքերի 60 տոկոսն ախտահարված է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տեղեկությունը հայտնում է լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը։

Էդմոն Մարուքյանն առաջարկել է Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել Կոմանդոսին

Ապրիլի 3-ին՝ ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:

Արկադի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին՝ ժամը 13.00-ին:

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ երեկ` մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։  1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։