«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր–Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կարծիքով`Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել և մնում է կենսական շահերի ոլորտ, և միամտություն է կարծել, թե նա երբևէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հերթական անգամ Ilur.am–ում հրապարակել է իր տեսակետները Ղարաբաղի հարցի լուծման շուրջ։

Սլովակիան Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել` պահանջելով վերադարձնել գերիներին

Նա նշել է, որ իր ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում ինքը բազմիցս արտահայտել է «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից:

Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ առաջին նախագահը ավելորդ չի համարել հիշեցնել ժամանակին այդ առթիվ հրապարակած իր տեսակետները:

«Ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել և մնում է կենսական շահերի ոլորտ, և միամտություն է կարծել, թե նա երբևէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արևմուտքի վերը շոշափված պասիվությունը ևս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցորեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եվրամիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին և ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։

«Ի՞նչ տարածքներով է լինելու Արցախի ինքնորոշումը». Թովմասյանը հարց ուղղեց ԱԳ նախարարին

Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետևաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության և քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա»,– գրել է ՀՀ առաջին նախագահը։

Նրա խոսքով` Թուրքիան և Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։

«Այսինքն կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռևս 1998թ. հունվարի 8-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետևյալը. «Ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը» (ԼՏՊ, Ընտրանի, էջ 658)։

«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին

Թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ, դժվար չպետք է լինի պատկերացնել»,–գրել է նա։

Այսպիսով, ՀՀ առաջին նախագահը եզրակացնում է՝ բոլոր նշաններն առկա են, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձևաչափի ձևավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որը, նախագահի կարծիքով, շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու և Արևմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձևաչափում, որը հիմք է տալիս ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։