ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց Արկադի Տեր–Թադևոսյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

Արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկով։ ԱԺ պատգամավորները նախքան նիստը մեկնարկելը մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդար Կոմանդոսի` Արկադի Տեր–Թադևոսյանի հիշատակը։

Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով` նախագծի երկու ընթերցումն էլ կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

Նախագծով առաջարկվում է փակ համամասնական ընտրակարգի անցում կատարել։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով`համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։