Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` հայտարարությունը բավականին ուշագրավ է, և կողմերն այլևս դիվանագիտություն չեն խաղում, ԱՄՆ-ն բացեիբաց ասում է այն, ինչ մտածում է և ինչ իրեն անհանգստացնում է։ Ըստ նրա` լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ–ն նոյեմբերի 9-ի հայտարարության կազմման գործում որևէ մասնակցություն չունեցավ կամ գոնե առերևույթ չունեցավ, որովհետև այդ կապակցությամբ ամերիկյան կողմից որևէ հայտարարություն չարվեց։
«Միացյալ Նահանգները հասկանում է, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս իր ազդեցությունից և այդ ուղղությամբ ձեռնարկում է հակընդդեմ քայլեր, մյուս կողմից փորձում է հայկական համայնքին, իր պոտենցիալ ընտրողներին ցույց տալ, որ անկախ ամեն ինչից` ԱՄՆ-ն շարունակելու է հետևել և ակտիվ մասնակցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում»,- նշեց փորձագետը։
Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի քաղաքական վերնախավից ԱՄՆ–ին հղվող ազդակներին` Բալասանյանը տարակուսանքով ընդգծեց, որ նման մոտեցումն անհասկանալի է, որովհետև քայլը կլիներ տրամաբանված, եթե թուրքական կողմից նույնպես կատարվեր համարժեք քայլ և իջեցվեր հակահայկականության աստիճանը, մինչդեռ մենք, ըստ Բալասանյանի, տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Փորձագետը ՀՀ կառավարությանն ուղղեց հռետորական հարց, թե ի՞նչ է արել Թուրքիան Հայաստանի համար վերջին շրջանում, որ մենք պատրաստ ենք, նույնիսկ զոհելով մեր ազգային շահերը, անտեսելով պատմական հիշողությունը` ամեն գնով հաշտության եզրեր գտնել Թուրքիայի հետ։
Փորձագետը խոսել է նաև ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, ինչպես նաև ամերիկաթուրքական հարաբերությունների մասին, որոնք դիտարկվում են տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ արցախյան վերջին պատերազմից հետո առկա իրողությունների ֆոնին։
Կարտաբերի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» եզրույթը, և ի՞նչ կլինի դրանից հետո