ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին»,–ասված է վարչապետի ուղերձում:
Նա նշել է, որ Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը:
«Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին»,–գրել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: «Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին»,–նշված է ուղերձում:
Փաշինյանը իր ցավակցություններն է հղել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, բոլորին:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 31–ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։