Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

Ռուսաստանը բարձր տեխնոլոգիական սպառազինությունների ոլորտում ճանաչված համաշխարհային առաջատար է։ Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի (ՌՊՀ) ոլորտում ռուսական արտադրանքը ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցադրում մարտական կիրառման բոլոր միջավայրերում։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ԱՄՆ Հաշվիչ պալատը ընդունել է, որ կորցրել է Ռուսաստանի նկատմամբ էլեկտրամագնիսական պայքարի գերազանցությունը։ Պալատում պաշտպանական ներուժի ու կառավարման հարցերով տնօրեն Ջոզեֆ Քիրշբաումը նշել է, որ էլեկտրամագնիսական սպեկտրում պայքարի ռուսական ուժերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը «ԱՄՆ-ի ու այլ երկրների դեմ այդ միջոցների իրական կիրառման մեջ» (չճշտելով տեղն ու ժամանակը):

Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում

Բացի այդ, ամերիկացի մասնագետների կարծիքով՝ Մոսկվան կարող է ՌԷՊ-ի միջոցներով ազդել Պենտագոնի ինքնաթիռների ու նավերի կապի ու նավիգացիայի համակարգերի աշխատանքի վրա. Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունը թույլ է տվել փորձ կուտակել ու զարգացնել ԱՄՆ-ի տիեզերական միջոցների դեմ պայքարի ներուժը: Պենտագոնին չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել ՌԷՊ ոլորտում նախկինում ընդունված ռազմավարություններից ոչ մեկը։ Ամերիկացիները 1990-ականների սկզբին երկար ժամանակով դադարեցին նման մշակումները, քանի որ դրանք հարկավոր չէին, և այժմ ապարդյուն փորձում են լրացնել բաց թողածը։

Հյուսիսատլանտյան դաշինքը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներում Ռուսաստանից հետ մնալն ընդունել է դեռևս 2018 թվականին, երբ ՆԱՏՕ-ի գիտատեխնիկական կազմակերպությունը հայտարարել էր, որ դաշինքի մարտավարական կապի ենթակառուցվածքը խոցելի է ռուսական ՌԷՊ ռազմավարության առջև, ու «ռուսական դոկտրինը, որը համատեղում է ՌԷՊ-ի, ԱԹՍ-ների ու հրետանու կարևորագույն նպատակները հայտնաբերումը, նույնականացումը, տեղայնացումն ու ոչնչացումը, իրեն շատ հաջող է դրսևորել»:

Ռուսաստանը համառորեն և շարունակաբար, տասնամյակներ շարունակ մշակում է ցամաքային, օդային և ծովային բազավորման ՌԷՊ-ի եզակի միջոցները՝ մարտական կառավարման բոլոր օղակների համար։ Անցած երեք տարվա ընթացքում զորքերը ստացել են ավելի քան հազար միավոր ՌԷՊ տեխնիկա: Սակայն հարցը քանակը չէ, ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական ստորաբաժանումների մարտական հնարավորությունների աճն ապահովված է տեխնիկայի բազմագործունեությամբ և որակով։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փոխանցմամբ՝ համակարգերի կիրառման հեռահարությունն աճել է 3,5 անգամ:

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

Ռուսական ՌԷՊ համակարգերը կարողանում են ընտրողաբար ու գլոբալ «խլացնել» ՆԱՏՕ-ի ստանդարտներով ստեղծված կապը, կանխել ահաբեկիչների ԱԹՍ-ների թռիչքը, շեղել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռների ուղղությունը։ Ռուսաստանն էլեկտրամագնիսական զենք է փորձարկում։ Գաղտնազերծվածներից մեկը «Ալաբուգա» համակարգն է, որը, արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, հզորությամբ համեմատելի է միջուկային ռումբի հետ ու կարող է «ամբողջական բանակներ չեզոքացնել»:

Սիրիական իրականություն

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ռուսական ՌԷՊ միջոցները կաթվածահար են անում հակառակորդի էլեկտրոնիկան, որը ընկնում է հարյուրավոր կիլոմետրեր շառավղով անտեսանելի գմբեթի տակ: Օրինակ, «Կրասնուխան» կուրացնում է օդային համակարգերը 200 կիլոմետր շառավղով, այսինքն, Հմեյմիմ բազայի վրա չեն կարող աշխատել թշնամու ռադիոլոկացիոն համակարգերը, արբանյակային կապի համակարգերը, ԱԹՍ կառավարման ուղիները, բարձր հաճախականության ռադիոն, բջջային կապը, Wi-Fi-ը։

Մի քանի օրինակ։ «Մոսկվա-1» համալիրը պասիվ էլեկտրոնային սկանավորման ռեժիմում վերահսկում է տարածքը 400 կիլոմետր շառավղով, հայտնաբերում է հակառակորդի ինքնաթիռները, հրթիռներն ու նույնիսկ արկերը:

Փոքր արագություններով և ռադիոլռության ռեժիմում գործող փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ միջոց է «Վալդայը»։ Դա ասիմետրիկ պատասխանն է «դրոնների պարս» ռազմավարությանը։

Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում

«Շիպովնիկ –ԱԷՐՈ» ՌԷՊ համակարգը մեկ վայրկյանում կոտրում է անօդաչու թռչող սարքի համակարգիչը: Եթե հանդիպում է անծանոթ կոնֆիգուրացիայի, այն մի քանի րոպեում իր վերահսկողության տակ է առնում: Բացի այդ, «Շիպովնիկը» կարողանում է ճնշել կապի հրամանատարական կետերը, հեռուստա ու ռադիոհեռարձակման կայանները, բջջային և այլ ցանցերի մոդուլները:

«Ժիտել» Р-330Ж կայանը տեղորոշում ու վերլուծում է ազդանշանները ռադիոճառագայթային աղբյուրներից, խոչընդոտում է արտասահմանյան գլոբալ արբանյակային կապի «Inmarsat» և «Iridium» համակարգերի և GPS նավիգացիոն սարքավորումների աշխատանքը:

ՌԴ ՌԾՆ սևծովյան նավատորմը Միջերկրական ծով է ուղարկել 22160 նախագծի «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը: Բացի «Կալիբր» թևավոր հրթիռներից, նավում ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ)  սարքավորումներ կան՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետախուզական ավիացիային հակազդելու համար:

Սիրիայում ռադիոէլեկտրոնայի պայքարի ռուսական տեխնիկան թույլ չի տալիս հակառակորդի ռադարներին «տեսնել» ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները, հրթիռների արձակումները, զորքերի տեղաշարժը։ Արտաքին աշխարհի հետ սիրիացի զինյալների և ՍԱՀ տարածքում խմբավորումների միջև կապի համակարգը գրեթե քանդված է։ Նա, ով վախեցած կամ կուրացած է՝ կիսով չափ պարտված է։ Հակառակորդի էլեկտրոնիկայի  համար ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները «լրացուցիչ իրականություն» են ստեղծում, թռչող սարքերը ռադիոէլեկտրոնային «միրաժների» զոհ են դառնում (GPS կեղծ ազդանշանների)։ Զուտ հիպոթետիկորեն՝ թևավոր հրթիռների ուղղությունը  կարելի է փոխել և դրանք ուղարկել այնտեղ, որտեղից արձակվել են։

Հիշեցնեմ, որ 2017 թվականի ապրիլի 7-ին ամերիկյան «Ross » և «Porter» ականակիրներից սիրիական Էշ-Շայրաթ ավիակայանի ուղղությամբ արձակած 59 «Tomahawk»-ներից թիրախին չեն հասել 36-ը, դրանց անկման կետերը հայտնի չեն։ Օբյեկտիվ վերահսկողության ռուսական միջոցների տվյալներով՝ սիրիական ավիաբազա է հասել ընդամենը 23 հրթիռ։

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Ավելի ուշ ԱՄՆ ՊՆ հատուկ նշանակության զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ Ռեյմոնդ Թոմասը հայտարարել էր, որ Սիրիան դարձել է «այն վայրը, որտեղ մոլորակի վրա ընթանում է ռադիոէլեկտրոնային ամենաինտենսիվ պայքարը», ռուսական և սիրիական կառավարական զորքերը «ամեն օր մեզ փորձությունների են ենթարկում, կործանելով մեր կապի համակարգերը, շարքից դուրս բերելով մեր ЕС-130 ինքնաթիռները»։ Ամերիկացի գեներալին վշտացնում է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Սիրիայի օդային տարածքում ԱՄՆ լավագույն հետախուզական համակարգերի վրա փորձարկել իր զենքը։ Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ են այդ տարածքում անում Tomahawk թևավոր հրթիռները կամ ռադիոէլեկտրոնային պայքարի համար ստեղծված Lockheed Martin EC-130 Compass Call ինքնաթիռները։ Ամերիկյան բանակին ոչ ոք Սիրիա չի հրավիրել։

Ռազմավարական «վազանց»

Սիրիայի իրադարձությունները լայն արձագանք են գտնում ամբողջ աշխարհում, և ՌԷՊ համակարգերը անուղղակիորեն ապահովում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության աճը։ Այսպես, օրինակ, ռուսական «Մուրմանսկ» հզորագույն համակարգն այնքան է տպավորել ՉԺՀ-ի  մասնագետներին, որ չինական Sohu պարբերականը հայտարարել է աշխարհում ՌԷՊ ամենակատարյալ տեխնիկայի ստեղծման մասին, որը կարող է հարվածել ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին, և «սանձել ԱՄՆ-ի մեծամտությունը»։  Լրագրողները նշել են, որ «Մուրմանսկը» կարող է հետևել ԱՄՆ բանակի գլոբալ կարճալիք կապի համակարգին (փոխգործակցություն է ապահովում ցամաքային կայանների, ինքնաթիռների և նավերի միջև) և հզոր խանգարումներ առաջացնել այդ համակարգի աշխատանքում 3000 կմ շառավղով։ Աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ մայրաքաղաքից մինչև սահման նման շառավղի առկայությամբ։ 

ՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանին զրկել 5G-ից. նոր սերնդի բջջային կապն ապագա ունի՞

Ամերիկյան The National Interest մասնագիտացված պարբերականը փաստում է․ ՌԷՊ ոլորտում Ռուսաստանը որակապես գերազանցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին, և տարեցտարի այդ բացը միայն ավելանում է։ Դաշինքի ագրեսիայի պարագայում ռուսական ՌԷՊ նորագույն միջոցները կխլացնեն կապը ողջ օպերատիվ խորության վրա և կբացառեն ՆԱՏՕ-ի զորքերի միջև ցանկացած փոխգործակցություն։  Քիչ նկատելի կործանիչ-ռմբակոծիչների վրա ՌԴ տարածք ներթափանցելու ցանկացած փորձ կձախողվի։  Մարտական գործողությունների ընթացքում F-35 «թռչող համակարգիչները» ռուսական  ՌԷՊ համակարգերի ազդեցության տակ մեծ հավանականությամբ ակնթարթորեն շարքից դուրս կգան։

Վերադառնալով ցամաք՝ նկատենք, որ էվոլյուցիայի ընթացքում ՌԷՊ սարքավորումներն իրենց տեղն են գտել մարտավարական օղակի ստորաբաժանումներում, ընդհուպ մինչև վաշտ։ Ռուս զինծառայողները կարող են անմիջապես հայտնաբերել, նույնականացնել հակառակորդի ռադիոէլեկտրոնային սարքը  և իրականացնել ռադիոէլեկտրոնային խոցման միջոցառումների ողջ համալիրը։  «Պիշալ», «Սափսան-Բեկաս», «Սոլյարիս-Ն» դյուրակիր  և փոքր համալիրները հարմար ու արդյունավետ են։ Օրինակ, «Պիշալ»-ն ընդամենը 3,5 կգ է (արտաքինից ավտոմատ է հիշեցնում), գործում է մինչև 2 կմ հեռավորության վրա։

ՌԷՊ ռուսական սարքերի տպավորիչ նմուշների շարքն ավելի քան մեկդարյա պատմություն ունի։ Ռադիոալիքների մարտական կիրառման գաղափարը Ռուսաստանին է պատկանում․ տաղանդավոր գիտնական, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը 1903 թվականին  Ռուսական կայսրության ռազմական նախարարությանն ուղղված զեկուցագրում ներկայացրել էր  ՌԷՊ միջոցների սկզբունքները։ Եվ արդեն մեկ տարի անց մեկնարկեց դրանց մարտական կիրառումը՝ Պորտ-Արտուրի պաշտպանության ժամանակ «Պոբեդա» զրահակրի ռադիոկայանը խլացնում էր ճապոնական ուղղորդող նավերի աշխատանքը։

Փառահեղ պատմությունը շարունակվում է: