Նոր մոտեցումներ` պատերազմից հետո. որո՞նք են ՀՀ ԱԳՆ–ի առաջնահերթությունները

ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով Արցախի հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Արցախյան պատերազմից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում ՀՀ մոտեցումների մշակմանը։ Այս մասին գրված է ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի 2020-ի ամփոփիչ զեկույցում։

Հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում. ԱԳՆ արձագանքը

«Այդ մոտեցումները ենթադրում են.

●  Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա,

●  Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում,

●  Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա,

●  Վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց բնակավայրեր,

● Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանություն

Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը՝  միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ:  Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմի` պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ և անվտանգ հայրենադարձումը:

Ադրբեջանը մտածված խաթարում է տարածաշրջանի կայունությունը. Արցախի ԱԳՆ–ն` միջադեպերի մասին

ԱԳՆ-ն նաև իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը: Այս առնչությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են իրականացվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

«ՀՀ կառավարության կողմից ԱԳՆ խնայած միջոցներից Սիրիայի հայ համայնքին տրամադրվել է միանվագ մարդասիրական աջակցություն` հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով: ԱԳՆ կողմից նաև համակարգվել է տարբեր խողովակներով տրամադրվող մարդասիրական օգնությունը Լիբանանի Հանրապետությանը՝ լիբանանահայ համայնքին», - գրված է զեկույցում։

2020–ին պաշտոնապես սկսել են գործել Եթովպիայում ՀՀ դեսպանությունը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ 2020–ի օգոստոսից իր աշխատանքներն է սկսել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես նաև լիարժեք դեսպանության մակարդակի է բարձրացվել Շվեդիայի Թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում: