«Թուրքը դու ես, արա՛, հե՜յ». իրարանցում «Մարտի 1»-ի գործով նիստի ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատարանից պահանջեց դատական սանկցիա կիրառել տուժողի իրավահաջորդի նկատմամբ: Բայց դատավորը հայտնեց, թե չի լսել նրա ասածը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում: Նախապես տեղեկանալով, որ դատախազությունը միջնորդել է հետաձգել նիստը` ՍԴ-ի որոշման վերաբերյալ ծավալուն միջնորդություն ներկայացնելու համար դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրելով, իսկ մեղադրող դատախազները նիստին ներկա չեն, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որոշեց լքել դատական նիստերի դահլիճը:

«Մարտի 1-ի» գործով հերթական նիստը հետաձգվեց. ամբաստանյալների գործերը կառանձնացվե՞ն

Հասնելով դահլիճի մուտքի դռանը՝ Քլոյանը վիրավորական արտահայտություն արեց ամբաստանյալների հասցեին՝ նրանց «թուրք» անվանելով:

Ի պատասխան դահլիճից հնչեց. «Թուրքը դու ես, արա՛, հե՜յ»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հանգստության կոչ արեց դատավարության մասնակիցներին, ինչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հարցրեց, թե ինչո՞ւ դատավորը նկատողություն չարեց տուժողի իրավահաջորդին:

Աննա Դանիբեկյանն ասաց, թե չի լսել նրա ասածը:

«Մի հատ հարցրեք, հիմա թող կարգադրիչներն ասեն հարգելի դատարան, ու անկախ նրանից, որ դուրս է եկել, դատական սանկցիա, խնդրում եմ, կիրառեք»,- ասաց նա:

Դատավորը, սակայն, մնաց անդրդվելի՝ ևս մեկ անգամ հանդարտության կոչ անելով ու սպառնալով հակառակ դեպքում ընդհատել դատական նիստն ու այսօր այն այլևս չշարունակել:

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Որոշ ժամանակ անց դահլիճում լռություն հաստատվեց ու նիստը շարունակվեց:

Հիշեցնենք` 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։

Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են. Քոչարյան

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ ստացավ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԽՔ Արմեն Գևորգյանը:

«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց