Սա նշանակում է համակարգի քանդում. Ռադիկ Մարտիրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Բուհերը մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխելու ու ակադեմիական ավան հիմնելու մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև ԿԳՄՍՆ կատարած այցի ժամանակ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Նորը պետք է ունենալ, հետո միայն հինը վաճառել, ոչ թե վաճառել ու չիմանալ՝ հետո ինչ անել, 168.am-ի հետ զրույցում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԳԱԱ-ն վարչապետ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը կարելի է հանել վաճառքի և ստացված գումարով մայրաքաղաքից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։

Նախընտրական խայծ է. Փաշինյանի` ակադեմիական քաղաքի գաղափարն այժմ իրատեսական չէ. Մխիթարյան

«Ես ենթադրում եմ, որ սա նշանակում է համակարգի քանդում։ Նորը պետք է ունենալ, հետո միայն հինը վաճառել, ոչ թե վաճառել ու չիմանալ՝ հետո ինչ անել։ Եթե վաճառում են, տվյալ բուհի ուսանողները որտե՞ղ պետք է դաս անեն»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանն ու հավելել, որ այս մոտեցումն անընդունելի է։

«Սա մտացածին, ձևական բան է, որովհետև գիտակրթական փոքրիկ քաղաք, կենտրոն ունենալու գաղափարը նոր չէ։ Նախորդ իշխանություններն էլ են այդ մասին խոսել, աշխարհում էլ այդպիսի քաղաքներ կան։ Այնպես որ, սա նոր գաղափար չէ, ավելին՝ այդքան ռեսուրս պետք է ունենալ, հետո միայն ամբողջ համակարգը կենտրոնացնել մեկ վայրում։ Ենթադրենք՝ վաճառեցին ԵՊՀ շենքը, հետո որտե՞ղ դասեր անեն, որտե՞ղ գիտությամբ զբաղվեն։ Այնպես որ, սա անիմաստ, ձևի համար հայտարարություն է»,- շեշտել է Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծել է, որ սրա առնչությամբ Գիտությունների ազգային ակադեմիան որևէ հայտարարություն չի անի, քանի որ ոլորտի հետ կապված իրենց բոլոր հայտարարություններն իշխանությունը հաշվի չի առնում։

Հավելենք, որ բուհերի մեծ մասը մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխելու ու ակադեմիական ավան հիմնելու մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև ԿԳՄՍՆ կատարած այցի ժամանակ։

ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից` կնքված 2015թ.-ի