Փաշինյանի ճանապարհային քարտեզի իրագործման առումով կա զգալի առաջընթաց. Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթներին, որոնց իրագործման ընթացքի վերաբերյալ նա 6 ամիս անց պետք է հաշվետվություն ներկայացներ, մինչդեռ պատրաստվում է հրաժարական տալ։
Sputnik

Արսեն Թորոսյանի խոսքով`ճանապարհային քարտեզում կային հարցեր, որոնք ենթադրում էին «միամոմենտ» լուծում, մյուսները` շարունակական։ Ըստ նրա` վերոհիշյալ դրույթների իրագործման առումով կա զգալի առաջընթաց, կարելի է արձանագրել, որ այս կամ այն հարցը տեղից շարժվել է այս կամ այն չափով, և կառավարության նիստերի ընթացքում կայացվող որոշումները հենց այդ համատեքստում էլ ներկայացվում են։

Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլի» նախընտրական շտաբը. Արսեն Թորոսյանը որոշ փակագծեր բացեց

«Իհարկե, կան նաև խրթին հարցեր, որոնցում էական կամ մեր ուզածի չափ առաջընթաց չի արձանագրվում, ինչը նշանակում է, որ այդտեղ պետք է կրկին ներդնել հավելյալ ջանքեր։ Խոսքը չէր գնում վեց ամսում ինչ–որ բան ավարտելու և հետո հաշվետվություն ներկայացնելու մասին միայն, այլ խոսքը գնում էր վեցամսյա շրջանից հետո կատարված աշխատանքին գնահատական տալու և դրանից հետո քաղաքական որոշումներ կայացնելու մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Ինչո՞ւ է Փաշինյանի թիմի համար շահեկան, որ ընտրությունները շուտ անցկացվեն

Թորոսյանի կարծիքով` քաղաքականությունը դինամիկ, այլ ոչ թե ստատիկ պրոցես է, որի ընթացքում անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ թե՛ ուժերի հռետորաբանության, թե՛ երկրի առջև կանգնած խնդիրներին արձագանքելու մեթոդների մեջ, հետևաբար եթե հայտարարվել է այս կամ այն ժամանակ հետո ինչ–որ բան անելու մասին, ապա ոչինչ չի խանգարում ճկուն լինելուն և տվյալ պահին եղած մարտահրավերներին անդրադառնալուն։

Թորոսյանի պնդմամբ` վարչապետի հրաժարականն ինքնին ընդամենը միջոց է, այլ ոչ թե ինչ–որ բան անել–չանելու համար նախատեսված քայլ, միջոց, որն արդեն օգտագործվել է 2018 թվականին, ուստի այստեղ նորություն չկա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։