ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների պայմանագրերը հասանելի կլինեն կառավարությանը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Օտարերկրացիների մասին» օրենքում: Նախագիծը համարվել է անհետաձգելի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Օտարերկրացուն աշխատանքի ընդունող հայաստանցի գործատուն ստիպված կլինի աշխատողին ընտրել, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքել ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնել բացառապես կառավարության կողմից ստեղծվող միասնական էլեկտրոնային հարթակում:

Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային հարաբերությունների նոր կարգավորումներով նախագիծն արդեն խորհրդարանում է:

Իսկ նոր օրենքով սահմանված կարգը խախտող հայաստանցի գործատուների համար վարչական պատասխանատվությունը կսահմանվի ավելի ուշ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Բայց մինչ տեղացի գործատուին պատժելը կառավարությունը նախ առաջարկում է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կանոնակարգել օտարերկրացիների աշխատանքային իրավունքները Հայաստանում՝ նրանց թույլ տալով էլեկտրոնային հայտով ստանալ և՛ ժամանակավոր կացության կարգավիճակ, և՛ աշխատանք մեկ միասնական էլեկտրոնային հարթակում:

ՀՀ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով նոր օրենքով առաջարկվող փոփոխությունները, նշեց, որ դրա նպատակը գործող կարգի պարզեցումն է:

«Եթե գործող կարգով օտարերկրացին ստանում է աշխատանքի թույլտվություն, հետո դրա հիման վրա՝ կացության կարգավիճակ, ապա հիմա այս երկփուլանի գործընթացը դառնում է 1–փուլանի: Այդ էլեկտրոնային հարթակի միջոցով ստանում է հաստատում, որ ունի աշխատանքի թույլտվություն, դրա հիման վրա էլ արդեն ստանում է կացության կարգավիճակ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նոր օրենքով ժամանակավոր կացության կարգավիճակը կարող է անվավեր ճանաչել միգրացիոն ծառայությունը: Այդ դեպքում օտարերկրացին 15 օր ժամանակ կունենա Հայաստանից հեռանալու համար՝ առանց պատասխանատվության ենթարկվելու:

Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում

Հետաքրքրական է, որ կառավարությունը նոր օրենքում առաջարկել է նաև հրաժարվել գործող օրենքի 26-րդ հոդվածից, որով օտարերկրացին կարող էր աշխատանքի թույլտվության մերժումը բողոքարկել ՀՀ դատական համակարգում:

Բանն այն է, որ նոր օրենքով փոփոխվում է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը: Այն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, որի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ:

Փաստորեն ՀՀ կառավարության որոշումն այդ դեպքում անբեկանելի կլինի օտարերկրացի դիմողի համար:

Փոխարենը օրենքի հեղինակները հոգացել են Հայաստանում աշխատող օտարերկրացու հետ պատահած դժբախտ պատահարների դեպքում նրա իրավունքների երաշխավորման մասին: Օրենքով սահմանվում է, որ աշխատանքի պահին օտարերկրացու մահվան դեպքում գործատուն պարտավոր կլինի հոգալ նրա դին հայրենի երկիր տեղափոխելու հետ կապված ծախսերը: Իսկ տեղափոխման անհնարինության դեպքում, ընտանիքի անդամների գրավոր համաձայնությամբ մահացած աշխատակցի հուղարկավորումը կկատարվի Հայաստանում:

Նոր օրենքը նաև բազմաթիվ բացառություններ է նախատեսում: Օրինակ՝ ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ապրելու ու աշխատելու համար ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն չեն ունենա:

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանում կկարողանան աշխատել նաև դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, կինոյի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստան ժամանած գործիչներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմի անդամները, մարզիկները, մարզիչները, օտարերկրյա կապիտալով աշխատող կազմակերպությունների աշխատակիցները, ուսումնական հաստատություններում դասավանդողները, արտասահմանյան լրատվամիջոցների հավատարմագրված աշխատակիցները, ինչպես նաև համատեղ քննվող քրեական գործերում ներգրավված մասնագետները:

Արտոնությունից կօգտվեն նաև այլ երկրներում ապրող հայազգի քաղաքացիները, որոնց երկրում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է այդ անձանց քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, օրինակ` սիրիահայերը:

Այդուհանդերձ, ՀՀ-ում աշխատելու համար նույնիսկ այս արտոնյալ խմբերի ներկայացուցիչները ևս ստիպված կլինեն իրենց գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքել միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

Որ երկրներից են Հայաստան գալիս աշխատելու և որ երկրներից` բիզնես անելու

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն անդրադառնալով օրենքի այս պահանջին` նշեց, որ այն հնարավորություն կտա հստակ վիճակագրություն ստանալ ՀՀ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների վերաբերյալ, այդ թվում` նրանց, ովքեր աշխատելու իրավունք ունեն առանց թույլտվության:

Միասնական հարթակը, նրա խոսքով, թույլ կտա վերահսկել նաև գործատուի ու աշխատողի հարկային պարտավորությունների կատարումը՝ բացառելով հնարավոր ստվերային գործընթացները: Միաժամանակ դա թույլ կտա նաև երաշխավորել օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում:

«Եթե ինքը գա ու «սևով» սկսի աշխատել, որը ոչ մի տեղ չերևա, ապա պետության տեսադաշտից դուրս է մնում, և եթե նրա իրավունքները խախտվում են, պետությունը չի կարողանում հայտնաբերել ու միջոցներ կիրառել»,- ասաց Դավթյանը:

Այդուհանդերձ, Իրինա Դավթյանը շեշտեց, որ օրենքի նախագծում հատուկ ամրագրվել է, որ աշխատաշուկայում առաջնահերթությունը տրվելու է ՀՀ քաղաքացուն: Նրա խոսքով` ցանկացած թափուր աշխատատեղում նախ դիտարկվելու է ՀՀ քաղաքացու միջոցով այն համալրելու հնարավորությունը և միայն դրա բացակայության դեպքում է առաջարկվելու օտարերկրացուն:

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Եթե ԱԺ-ն ընդունի նախագիծը, ապա այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Նույն ժամկետում նախատեսվում է գործարկել նաև միասնական էլեկտրոնային հարթակը: Բայց հաշվի առնելով սպասվող արտահերթ ընտրությունների ու նոր ԱԺ-ի ձևավորման հնարավորությունը` չի բացառվում, որ ժամկետը հետագայում վերանայվի:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալը այս դիտարկմանը հակադարձեց, որ կառավարությունն այս նախագիծը համարել է անհետաձգելի, ու հույս հայտնեց, որ գործող խորհրդարանը կհասցնի այն ընդունել մինչև ընտրությունները:

Ի դեպ, նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020թ–ի վերջին աշխատանքի նպատակով Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 819 մարդ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով` 196 անձ, իսկ հատուկ կացության կարգավիճակ (որը տրվում է տնտեսական կամ մշակութային գործունեությամբ զբաղվելու համար ու հիմնականում ազգությամբ հայ արտասահմանցիներին) 2020թ–ին տրվել է ընդամենը 11 անձի։