ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի և Սերգեյ Բագրատյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԺ պատգամավորները ՀՀ նախագահին են ներկայացրել իրավիճակի հանգուցալուծման շուրջ իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արմեն Սարգսյանը գրեթե ամեն օր հանդիպումներ է անցկացնում քաղաքական տարբեր ուժերի հետ։