ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ավարտվել է Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով ծառայողական քննությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից 3 աշխատակից, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում, ստացել են նկատողություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից։
«Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով:
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն` ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:
«Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ»,–ասված է հաղորդագրության մեջ:
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր աշխատանքը
Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։