Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Դատարանը, քննության առնելով վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը, գտել է, որ այն անհիմն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. ՀՀ վարչական դատարանը մերժել է դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է  դատական տեղեկատվական համակարգը։

Դատախազությունն Օնիկ Գասպարյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ

Նշենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով Փաշինյանի ներկայացուցիչը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Ըստ պատասխանողի կողմի՝ դատավորն այս գործով անկողմնակալ և օբյեկտիվ լուծման չի տանելու։

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, գտել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Նշենք, որ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։ 

Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»

Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ–ն այդ դիմումի պատճենն ուղարկել էր դատախազություն, որն էլ քրեական ոստիկանությանն էր այն փոխանցել։

Դատարանում Օնիկ Գասպարյանը վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու հարցը։