ՌԱԴԻՈ

Մեր տարածաշրջանը, անկախ պատերազմից, ներդրողների համար միջինից բարձր ռիսկային գոտի է

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Fitch միջազգային վարկանիշային գործակալության զեկույցին, որը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է B+ մակարդակում` կայուն կանխատեսմամբ:
Sputnik
Մեր տարածաշրջանը, անկախ պատերազմից, ներդրողների համար միջինից բարձր ռիսկային գոտի է

Անդրադառնալով մասնավորապես պետական և արտաքին պարտքի բավականին բարձր մակարդակի գնահատականին` Արմեն Քթոյանն ընդգծեց, որ իրավիճակն իսկապես լարված է, սակայն անկայուն չէ, և պարտքի հետ կապված պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ 2019-21 թվականները մեր երկարաժամկետ պարտքային ռազմավարության մեջ սպասարկման առումով առավել ծանր տարիներն են։ 

Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը

«Դրան գումարվում են նաև համավարակով ու պատերազմով պայմանավորված խնդիրները, բայց մյուս կողմից պարտքի հետ կապված սահմանաչափերը բյուջետային ռազմավարության մեջ թեև ունեն ընդհանուր տրամաբանություն, բայցևայնպես տարբեր են` կախված երկրների առանձնահատկություններից։ Եթե երկիրը գերազանցում է պարտքի շեմը, ապա դա խոսում է ոչ թե ինչ–որ կրիտիկական իրավիճակի մասին, այլ վկայում է այն մասին, որ հետագա տարիների ընթացքում կառավարությունը պետք է նախաձեռնի համապատասխան քաղաքականություն, ինչը թույլ կտա առաջիկա 5-10 տարիների ընթացքում պետական պարտքը բերել ավելի ցածր շեմի»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի դիտարկմամբ` մեր պարտքի կառավարման ռազմավարությունը Fitch–ի համար հասկանալի է եղել, որքան էլ որ ռիսկերը նկատելի լինեն։ Ըստ նրա` արտաքին վարկավորման առումով մեր գերակայություններից մեկը թերևս ներքին աղբյուրների հաշվին բյուջետային պակասորդի ֆինանսավորումն է, ինչը հնարավորություն է տալիս փոխարժեքի տատանումների կամ դրամի արժեզրկման պարագայում էականորեն չավելացնել պարտքի բեռը, այսինքն` փորձ է արվում ավելի շատ ներգրավել ներքին պարտքեր, ինչը կարելի է դրական միտում համարել։ Տնտեսագետի կարծիքով` մեր երկրի վարկունակության գնահատման համար հիմք է հանդիսանում նաև եվրոբոնդերի տեղաբաշխման ցածր տոկոսադրույթի ցուցանիշը։ 

Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

«Կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսական ռիսկերի գնահատման առումով շատ մեծ տեղաշարժ չկա, իսկ ինչ վերաբերում է քաղաքական անկայունությանն ու աշխարհաքաղաքական լարվածությանը, ապա պետք է նկատի ունենալ, որ մեր տարածաշրջանը այսպես, թե այնպես ներդրողների համար համարվում է միջինից բարձր ռիսկային գոտի և անկախ այն հանգամանքից` այստեղ ակտիվ պատերազմական գործողություններ ընթանում են, թե ոչ, այդուհանդերձ երկարաժամկետ ներդրում անողի համար գոտին համարվում է ռիսկային։ Պատերազմը թեև գնահատականների առումով արձանագրել է որոշակի փոփոխություն, սակայն տեղին չի լինի ասել, որ մենք ներդրումային գրավչության առումով որակապես վատացրել ենք մեր իրավիճակը»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի կարծիքով` Հայաստանում կա զուտ օտարերկրյա ներդրումների ներհոսքի հարաբերական ցուցանիշների վատացում 2013-14 թվականներից սկսած, և այդ ցուցանիշը կայուն կերպով վատանում է, ուղղակի օտարերկրյա ներդրումներ–ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը կարևոր գնահատական է երկրի ներդրամուային գրավչության առումով, 2014 թվականից ի վեր նվազում է, և այստեղ, ինչ խոսք, մեծ նշանակություն ունի նաև տարածաշրջանային անկայունության խնդիրը։       

Տեղեկացնենք, որ Fitch-ի զեկույցում առկա գնահատականն արտացոլում է պետական և արտաքին պարտքի բավականին բարձր մակարդակը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսավորումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության:

Հայաստանի պետական պարտքն ավելացել է 647,2 մլն դրամով

Սակայն, ըստ գործակալության, դրանք որոշակիորեն հավասարակշռվում են այլ գործոններով` բնակչության մեկ շնչի հաշվով համեմատաբար բարձր եկամուտ (income per capita), բիզնեսի կառավարման, զարգացման և վարման պարզության ցուցանիշներ, որոնք գերազանցում են «B» միջին ցուցանիշը, ինստիտուտներ, որոնք ապահովել են քաղաքական բարեփոխումների գործընթացի սահունությունը, դիմացել են 2020 թվականի համավարակի շոկին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին: