Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է աշխատանքները կազմակերպել երեք ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Երևանից կորոնավիրուսով հիվանդներն ուղղորդվում են մարզեր. պատճառը գերհագեցվածությունն է

«Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»,– ասել է Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա:

Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու գործընթացին, որի շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար:

Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները:

«Փաշինյանն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա:

Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակ դնելու մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակներ ձեռք բերելու աշխատանքների վրա: