Դատախազությունը բողոքարկել է Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու որոշումը

Նրա փաստաբանը դա պայմանավորում է Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ քննադատությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է  բողոքարկել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա նաև շեշտում է, որ դատախազության բողոքը որքան սպասելի էր Արա Սաղաթելյանի փաստաբանական թիմի համար, այնքան էլ անհասկանալի՝ իրավունքի և օրենքի տեսանկյունից։

Տեղեկատվական պատերազմն ու իշխանության դիլետանտությունը. ինչու պարտվեցինք նաև այս ճակատում

«Անհասկանալի էր, քանի որ վերաքննիչ քրեական դատարանի հիմնավոր և պատճառաբանվածության բարձր աստիճան ունեցող դատական ակտը բավարար էր բացահայտելու սույն քրեական գործով ԱԱԾ քննչական վարչության իրականացված անհեթեթ և VPN-ի ու IP-ի վերաբերյալ տարրական պատկերացում չունեցող գործի քննությունը։ Սակայն սպասելի էր, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում որևէ հնչեղ քրեական գործով անձի նկատմամբ քրեական հետապնդում  հարուցելու, նրան ամեն գնով կալանավորելու՝ քննչական մարմինների և դատախազության ձգտումները որևէ կերպ պայմանավորված չեն օրենքով կամ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ բացառապես իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի՝ այդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքով»,- գրում է Պողոսյանը։

Փաստաբանը նաև դատախազության քայլը պայմանավորում է Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ քննադատությամբ:

«18-21 տարեկան ուսանողուհիներս տեսան ԱԱԾ-ի էդ ապուշ ռելիզը». Սաղաթելյանն էլ չի դասախոսի

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին կալանավորել էին «Գագիկ Սողոմանյան» ֆեյքի գործով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին։ Մարտի 5–ին նույն դատարանի որոշմամբ Սաղաթելյանն ազատ արձակվեց։