Արցախի Կարմիր Շուկա գյուղում 150 տուն կկառուցվի

Շրջակա գյուղերի ընտանիքներից շատերը Կարմիր Շուկա տեղափոխվելու ցանկություն են հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik.Արցախի հարավարևելյան հատվածում գտնվող Կարմիր Շուկա գյուղում (Մարտունու շրջան) նախատեսվում է 150 տուն կառուցել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Պատերազմի հետևանքով 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չեն: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շրջակա գյուղերի ընտանիքներից շատերը Կարմիր Շուկա տեղափոխվելու ցանկություն են հայտնել, քանի որ բացի աշխատատեղերից, այնտեղ մանկապարտեզ ու նոր կառուցված դպրոց կա։

Ինչ վերաբերում է բուժսպասարկման որակին, ապա այնտեղ կա բուժկետ, շտապօգնության մեքենա, սակայն շենքային պայմանները բարվոք չեն։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ, ցավոք, չկա:

Արցախի մի շարք շրջանների բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում

Տեղում բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։

Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, «Արցախփոստի» մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։

«Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:

Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին շրջանառվում հայկական զինված ուժերի զինծառայողներին Կարմիր Շուկայի ճանապարհից հանելու մասին, որը Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր։