Հայաստանը ձեռք է բերել բրիտանական AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ

Այն նախատեսված է բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներին և աշխատակիցներին, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներին պատվաստելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանը ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում:

Ո՞ր պատվաստանյութն է ամենալավը

«Նկատենք, որ առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար»,- գրված է հաղորդագրությունում։

Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսված է բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներին և աշխատակիցներին, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներին պատվաստելու համար:

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը գրել է, որ «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

«ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն»,- գրել է նա։

Եռակի պաշտպանություն. ինչպես է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պաշտպանում կորոնավիրուսից

Սիմոնյանը հիշեցրել է, որ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով: