Անդրադառնալով Հայաստանի համար հիշյալ գործարքի հետ կապված մատակարարման ու անվտանգային խնդիրներին` Գրիգոր Սաղյանը նախ նշեց, որ ինտերնետ կապի մատակարարման առումով խնդիրներ չեն առաջանա, որովհետև նոր բաժնետերը շահագրգռված է, որպեսզի իր համակարգը եկամուտ բերի։ Ըստ նրա` հազիվ թե ադրբեջանական ընկերությունը սկսի արգելակումներ իրականացնել այն մարդկանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնց հաշվին եկամուտ է ստանում։
«Իսկ եթե հանկարծ լինեն արգելափակումներ, այդ դեպքում կան այլընտրանքային ճանապարհներ։ Առաջինը` Փոթի–Վառնա գիծն է, որը պատկանում է Caucasus Online–ին։ Կա նաև Փոթի–Նովոռոսիյսկ կապուղին։ Կառուցվել է ևս մեկ գիծ, որն անցնում է Կովկասյան լեռնանցքով։ Ի վերջո կան Թուրքիայի և Իրանի միջոցով հաղորդակցության ուղիները, հետևաբար մի գծի կտրվելը չի նշանակում ամբողջական արգելափակում։ Պարզապես ավելի երկար կապուղիների շահագործումը կազդի գնի վրա։ Բացի դրանից, կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառուցվածքները կարող են օգտվել նաև Իլոն Մասկի «Սթարլինգ» արբանյակային կապից»,– նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը։
Սաղյանը վկայակոչեց հենց վրացական կողմի վերաբերմունքը կայացած գործարքի նկատմամբ ու հիշեցրեց Վրաստանի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի կարծիքը, ըստ որի` տարածաշրջանային ինտերնետ կապուղու գործարքը 100 տոկոսով ապօրինի է, ինչպես ապօրինի էր նաև 2019 թվականին ադերբեջանական ընկերության կողմից Caucasus Online–ի բաժնետոմսերի 49 տոկոսի ձեռքբերման գործարքը։
Անդրադառնալով կապուղու շահագործման հետ կապված անվտանգային գործոններին`Սաղյանն ընդգծեց, որ Երևանը Թբիլիսիին ու Փոթիին միացնող մալուխն անցնում է ադրբեջանաբնակ տարածքով և ոչ մի երաշխիք չկա, որ փոս չեն փորել ու չեն միացել մալուխին կամ չեն գաղտնալսում ադրբեջանաբնակ տարածքով անցնող ինտերնետ մալուխը, հետևաբար հայկական կողմը պետք է մտածի այլընտրանքային տարբերակների մասին։
«Մեր բոլոր տեղեկատվական աղբյուրները տեղակայված են ոչ թե Հայաստանում, այլ Եվրոպայում, որովհետև այնտեղ հուսալիությունն ավելի բարձր է։ Բոլոր աղբյուրներն այնտեղ ունեն անվտանգային միացում, այսինքն կայքի և օգտվողի միջև տեղեկատվությունը գաղտնագրված է։ Այսօր կիբերանվտանգության բանալին այնքան երկար է, որ խելամիտ ժամկետում հնարավոր չէ վերծանել, թե դուք ինչ եք հաղորդել։ Բացի դրանից, կարելի է օգտագործել էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի նամակները կոդավորվեն, նոր ուղարկվեն»,– ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը։
Սաղյանի խոսքով` նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է ենթակառուցվածքների ապաշրջափակում, հետևաբար կապուղիների բացումն այդ համատեքստում հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարության հետևանքը։