Տավուշի մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին ու կեղծ լուրեր տարածողներին

Հայկ Չոբանյանի խոսքով՝ տնտեսական վնասն անհամեմատելի է այն հոգեբանական վնասի հետ, որ այդ լուրերը հասցրել են մարզի յուրաքանչյուր բնակչի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դիմել է դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին:

Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը

Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այդ լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը:

«Հիմա անուններ չեմ տա, բայց մենք դիմել ենք դատարան, որպեսզի նմանատիպ տեղեկատվություն տարածողներն իմանան, որ պետք է լինի նաև պատասխանատվություն: Ես նշեցի միայն տնտեսական մասը, բայց պետք չէ մոռանալ, որ այդտեղ ապրում են իրական մարդիկ, այդ մարդիկ տասնամյակներ ապրել են իրական պատերազմական վիճակում, իրական վտանգի տակ, և չի կարելի այդ մարդկանց հաշվին պոպուլիստական բաներ անել»,- ասաց Չոբանյանը:

Եվ այդուհանդերձ, լրագրողների հարցապնդումների արդյունքում Չոբանյանը հաստատեց՝ հայցի մեջ նշված է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը:

«Այո, ինչպես նշել եմ իմ հայցի մեջ, խոսքը վերաբերում է նաև Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որից հետո եղել են նաև հրապարակումներ տարբեր տեղերում, և հայցը մասնավորապես ներկայացվել է Հրանտ Բագրատյանի դեմ»,- ասաց Չոբանյանը:

Նրա խոսքով, եթե ներդրողը լսում է, որ այն տարածքը, որտեղ ինքը ծրագրում է ներդրումներ անել, զիջվում է թշնամուն, կամ որ այդ տարածքներում, իբր, այսօր էլ ադրբեջանցիներ կան, որոնք տեղացիներից պահանջում են իրենց գոմերն այլ տեղ կառուցել, ներդրողը հրաժարվում է այդ տարածքում ինչ-որ բան կառուցելու գաղափարից։

Առաջինը ես կլինեմ սահմանում. Տավուշի մարզպետը մեկնաբանել է սահմանազատման մասին լուրերը

«Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, մենք հատիկ- հատիկ քարերով ամրոց ենք կառուցում, իսկ դուք մի այսպիսի հայտարարությամբ ամբողջ մի պատը քանդում եք»,- ասաց Չոբանյանը:

Թե որքան վնաս են հասցրել մարզին նման լուրերը, մարզպետը չցանկացավ գնահատել՝ ասելով, որ տնտեսական վնասն անհամեմատելի է այն հոգեբանական վնասի հետ, որ այդ լուրերը հասցրել են մարզի յուրաքանչյուր բնակչի: