ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռուսական «Доктор Лиза» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված հումանիտար օգնություն են բաժանել։
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և տարբեր անհրաժեշտության նյութեր, այդ թվում՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրասրտագրիչ, միանգամյա օգտագործման սավաններ, դիմակներ, հակասեպտիկ միջոցներ և այլ բժշկական գույք:
Բժիշկներից բացի, Ռուսաստանից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Դպրոցի ուսուցիչներին և սաներին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից տրամադրվել է ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր, որոնք փոխանցվել են Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են