ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2–ին ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:
«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում այլ հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի շփումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպման օրակարգում են եղել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Ընդգծվել է հայ գերիների և պահվող անձանց վերադարձի կարևորությունը։