Արցախում պատերազմական վիճակը չի դադարել. ՀՀ ՄԻՊ-ը դիմել է արցախցի իր պաշտոնակցին

Արման Թաթոյանը Գեղամ Ստեփանյանին նաև խորհուրդ է տալիս շարունակել գործել չդադարող եռանդով, հետևողականորեն արձանագրել իրավունքների բոլոր խախտումները՝ արցախցիների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Արցախի իր նոր պաշտոնակցին՝ նշանակման առիթով:

Որևէ պատճառ չի կարող արդարացնել բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից. ՄԻՊ

«Այս պատերազմի ողջ ընթացքում պարոն Ստեփանյանի զօրուգիշեր պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր ադրբեջանական զինված ուժերի էթնիկ զտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար փաստահավաք աշխատանքների հարցում: Համոզված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Գեղամ Ստեփանյանը իր աշխատակազմի կայացած, պրոֆեսիոնալ թիմով գործելու է հենց այս սկզբունքով»,- նշում է Թաթոյանը՝ անձամբ իր ու իր աշխատակազմի անունից պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ աշխատանքները՝ հանուն Արցախի ժողովրդավարության և յուրաքանչյուր բնակչի իրավունքների երաշխավորման:

«Չնայած ռազմական գործողությունների դադարին` ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը և ցեղասպանության բացահայտ հռետորաբանությունը ստիպում են գործել գիտակցումով, որ պատերազմական վիճակը չի դադարել»,- արձանագրում է ՀՀ ՄԻՊ-ը:

Նա նաև խորհուրդ է տալիս շարունակել գործել չդադարող եռանդով, հետևողականորեն արձանագրել իրավունքների բոլոր խախտումները՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար:

Ֆիննախի պարզաբանումները պարզապես բարի ցանկություններ ու խոստումներ են. ՄԻՊ

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Ստեփանյանին:

Այդ պաշտոնը թափուր էր 2020թ-ի դեկտեմբերից, երբ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: