Արցախում 110 մլրդ դրամի ծրագիր կիրականացվի. Փաշինյանն ասաց` ինչպես է գումարը «հավաքվելու»

ՀՀ վարչապետը հայտնել է, թե որքան գումար կա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշիվներում։
Sputnik

Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր է իրականացվելու։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապաետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել է Փաշինյանի ելույթի տեսագրությունը։

«Առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ, և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ։ Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը»,– նշել է նա:

Փաշինյանի խոսքով` ևս մի քանի որոշումներ են կայացրել, որոնցով ոչ միայն պետք է իրագործեն 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած «ճանապարհային քարտեզի» դրույթը՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնեն Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ մարտի 25-ին կայացրած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում:

Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են գերիներին վերադարձնելու քայլերը