Դավաճանության և լրտեսության համար այսուհետ կարող են ցմահ ազատազրկման ենթարկվել

ԱԺ ընդունած փոփոխությունների համաձայն` պետական դավաճանություն և լրտեսություն կատարելու դեպքում նախատեսված պատիժն էականորեն փոխվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ազգային ժողովն այսօր ընդունեց ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Իվետա Տոնոյանի` Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այսուհետ դավաճանության և լրտեսության համար նախատեսված պատիժն ավելի խիստ կլինի։

Մեզ դավաճաններ են ղեկավարում. կայացավ «3-րդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ժողովը

112 կողմ պատգամավոր կողմ քվեարկեց նախագծին։

Ընդունված փոփոխությունների համաձայն` պետական դավաճանության համար սահմանվում է 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Լրտեսության համար նախատեսվում է 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ մինչ այդ դավաճանությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 8-ից 15 տարի ժամկետով:

ՀՀ–ում պետական դավաճանության և լրտեսության համար ամենախիստ պատիժը կկիրառվի. Էնֆիաջյան