ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը։
«Վենետիկի հանձնաժողովը մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Հարցը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի նիստում»,–նշված է Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հաստատել և ԱԺ է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը:
Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն:
Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։
Ադրբեջանը թիրախավորում է նաև հայ երեխաներին․ ՄԱԿ-ում հնչել է Արման Թաթոյանի տեսաուղերձը
Ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է, և կոչ է արել պահպանել այն։
Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ