ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանից։ Նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուզում է անձամբ լրագրողից ներողություն խնդրել։
Նշենք, որ մարտի 18-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա: Համացանցում տարածվեց նաև միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, ապա հարվածում նրա դեմքին և կոտրում համակարգիչը։
«Կատարված դեպքի առնչությամբ ես ներողություն եմ խնդրել ականատես քաղաքացիներից, աշխատակիցներից: Հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, որոնք իրենց լրատվական տեսադաշտում տեսել են այդ դեպքը, նաև կոնկրետ Փայլակից»,–ասաց նախարարը:
Դիմելով լրագրողներին` նախարարն ասաց, որ բոլորին շատ սիրում է, լրագրողների հարցերին միշտ մանրամասն փորձում պատասխանել։ Նախարարը նշեց` մեծ հարգանք է տածում ցանկացած մասնագիտության, նաև լրագրության նկատմամբ և կարևորում լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությունը:
Հիշեցնենք, որ Փայլակ Ֆահրադյանը սրճարաններից մեկում տեսնելով նախարարին և նրա կնոջը` հետաքրքրվել էր, թե գերատեսչության ղեկավարն աշխատանքային ժամին ինչո՞ւ է սրճարանում: Կարճ ժամանակ անց նախարարը բարձրացել էր վերև, քաշքշել լրագրողին և հարվածել դեմքին։ Կատարվածի առթիվ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՄԻՊ-ը՝ նշելով, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։