Ուշացա՞ծ որոշում. Փաշինյանն ազատել է Արծվիկ Մինասյանին ու նրան փոխարինել Վահան Քերոբյանով

Դատելով 2.5 տարի ուշացած փոփոխություններից` այս տարիների ընթացքում Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդիրների լուծման ուղղությամբ թերևս որևէ աշխատանք չի տարվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել փոխել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի կազմում ընդգրկված պաշտոնյաներին:

Հատկանշական է, որ վարչապետը միայն 2.5 տարի անց է որոշել փոխել խմբի ղեկավարին: Պարզվում է, որ 2018թ-ի սեպտեմբերի 20-ից առ այսօր այդ պաշտոնում դեռ մնում էր էկոնոմիկայի նախկին նախարար ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը:

Ազատ տնտեսական գոտին վերջապես կգործակվի՞․ էկոնոմիկայի նախարարն այցելել է Մեղրի

Բայց նա խմբի միակ նախկին պաշտոնյան չէ։ Փաշինյանը նաև որոշում է ընդունել  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի նախկին տեղակալ Դ. Գևորգյանին փոխարինելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական Դ. Արղամանյանով, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մուսայանին՝  ներկայիս պաշտոնակից Դ. Սողոմոնյանով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին խորհրդական Ա. Թանանյանին՝ կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Մանգասարյանով փոխարինելու մասին և այլն:

Նշենք, որ 2020թ-ի որոշմամբ` աշխատանքային խմբի ստեղծման նպատակն է «աջակցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման տարբեր փուլերում ի հայտ եկող խնդիրների օպերատիվ լուծմանը` չսահմանափակվելով ազատ տնտեսական գոտու կառուցապատման, շինարարական աշխատանքների արժեքորոշման, անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների` ազատ տնտեսական գոտի մուտքի և ելքի ընթացակարգերի և ռեժիմի կիրառման, հարկային և մաքսային ընթացակարգերի կիրառման, գործող պահանջներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանեցման աշխատանքներով»:

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Դատելով 2.5 տարի ուշացած փոփոխություններից` այս տարիների ընթացքում ազատ տնտեսական գոտու խնդիրների լուծման ուղղությամբ, թերևս որևէ աշխատանք չի տարվել: