Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է բուժհիմնարկներում, իսկ տնային պայմաններում բուժվող վիրավորներինը՝ մասնագիտական հանձնաժողովների տնային այցերի միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik.Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների գործընթացը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է, բայց արդեն ավարտական փուլում է: Այս մասին այսօր ԱԺ-ում հաշմանդամության մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև առկա մոտավոր պատկերը:

Ֆունկցիոնալության գնահատում. կառավարությունն առաջարկում է վերացնել հաշմանդամության կարգերը

«Ծանր վիրավորում ստացած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500: Ընդ որում, 1-ին խմբի հաշմադամների թիվը մոտ 150-ի սահմաններում է, որից ամպուտացված անձինք, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, մոտ 120-ի շրջանակներում են: Իսկ ավելի թեթև վիրավորում ստացած անձինք, որոնք կստանան կամ արդեն ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն, մոտ 500 են: Այսինքն՝ այս պահին մեր կողմից շուրջ 1000 անձի է տրամադրվել հաշմանդամության խումբ»,- ասաց նախարարը:

Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմում վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է բուժհիմնարկներում, իսկ տնային պայմաններում բուժվող վիրավորներինը՝ մասնագիտական հանձնաժողովների տնային այցերի միջոցով:

Պատերազմի հետևանքով 472 անձ է հաշմանդամ դարձել. ՀՀ–ում անկախ կյանքի կենտրոններ կգործեն