Ստիպված կլինեն գործ հարուցել. դատարանն անհիմն է որակել Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը կայացրել է դեռ 2020թ-ի դեկտեմբերին, սակայն փաստաբանը նոր է ստացել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook–ի իր էջում հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` դեկտեմբերին կայացրած որոշումը, որով վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի որոշումը՝ նշված փաստով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

«Ստացել ենք դատարանի որոշումը, որի նկարագրական-պատճառաբանական մասը ներկայացնում եմ ստորև։ Դատարանն արձանագրում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը միայն բացատրություն է վերցրել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Վարդան Հովսեփյանից և արդյունքում 06.07.2020թ. որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին»»,- նշում է փաստաբանը:

Ալեքսանյանը նաև հայտնում է, որ դատարանը անհիմն և հակասական է որակել քննիչի որոշման պատճառաբանությունը:

Բացի այդ, քննիչը բացատրություն չի վերցրել հաղորդում ներկայացրած Էրիկ Ալեքսանյանից կամ Արմեն Գևորգյանից, փոխարենը՝ սահմանափակվել է քննիչից բացատրություն վերցնելով:

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Գևորգյանի պաշտպանների միջնորդությունը` թույլ տալով նրան որոշ ժամկետով բացակայել երկրից։ Սակայն հունիսի 20-ին պարզ էր դարձել, որ Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում արգելք է դրված նրա ելքի վրա։ Նա ցանկանում էր 3 օրով մեկնել ՌԴ։

Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել. ինչի՞ համար է ՀՔԾ-ն մեղադրում նրա հորը

ՀՔԾ-ն մերժել էր Արմեն Գևորգյանի փաստաբանի դիմումը՝ քրեական գործի հարուցելու մասին՝ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջները, որով առաջնորդվել են ոստիկանության ծառայողները՝ թույլ չտալով Արմեն Գևորգյանին մեկնել Հայաստանից: Մինչդեռ, ըստ Ալեքսանյանի, բացառապես նշված ենթաօրենսդրական ակտի վրա հղում կատարելով` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՔԾ քննիչի որոշումը վերացնելու որոշումը կայացրել էր 2020թ-ի դեկտեմբերի 11–ին: Դատարանի այս որոշումը նշանակում է, որ Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։