Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

Խաչատուրյան քույրերի գործը քննվում է արդեն մոտ երկու տարի։ Հանցագործության պահին աղջիկները 19, 18 ու 16 տարեկան էին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Խաչատուրյան երեք քույրերը տուժող են ճանաչվել իրենց հոր դեմ հարուցված սեռական բռնության մասին գործով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

«Քիչ առաջ ավարտվեց Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հետաքննության որոշմանը ծանոթանալու գործընթացը։ Մեր պաշտպանյալները պաշտոնապես տուժող են ճանաչվել», - ասել է փաստաբանը։

Կրտսեր Խաչատուրյանի պաշտպանները դատարանում կպայքարեն, որ նա շփվի քույրերի հետ

Նա նշել է, որ բոլոր քույրերին արդեն ծանոթացրել են իրենց հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման հետ։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) ,հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժող կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։